Foto

Կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության և իշխանության ջանքերը պետք է միահամուռ լինեն. Կ. Զադոյան

Vesti.am-ն ապօրինի հարստացման դեմ պայքարի մասին զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ:

-Պարո՛ն Զադոյան, երեկ դուք կարծիք էիք հայտնել, որ ապօրինի հարստացման քրեականացումն արդեն օրակարգային է և այդ հարցը պետք է ամենայն լրջությամբ քննարկվի և իշխանությունները դա վերցնեն իրենց զինանոց: Ի՞նչն էր խանգարում դա անել ավելի վաղ:

Այդ հակակոռուպցիոն գործիքը Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակական կոնվենցիայի կողմից առաջարկվել է Կառավարությանը, որպեսզի դա ընդունվի: Դա նախատեսված է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայով, պարզապես թողնված է յուրաքանչյուր պետության հայեցողությանը՝ ընդունել և կիրառել երկրի օրենսդրության համաձայն կամ չընդունել: Ապրիլյան պատերազմից հետո, երբ կոռուպցիան ստացավ արյան տեսք, մենք առաջարկեցինք հակակոռուպցիոն բարեփոխումների ճանապարհային քարտեզ, որի մեջ մտնում էր նաև ապօրինի հարստանալը քրեականացնելը: Այն ժամանակ մենք աշխատում էինք ընդդիմության հետ, հանդիպումներ ունեցանք «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ և ի վերջո, ԱԺ-ն միաձայն ընդունեց այդ օրենքը: Դա կարևոր է, հետևանքային հանցակազմ է, երբ կոռուպցիոն հանցագործություններ են կատարվում պաշտոնատար անձանց կողմից և չեն բացահայտվում և դրա արդյունքում կուտակվում է հարստություն՝ գույքի, եկամուտների տեսքով և հենց այստեղ է օգնության  գալիս այս հետևանքային հանցակազմը: Մեր օրենսդրությամբ կոնկրետ գումարային միավորը սահմանված է 5 մլն դրամը: Եթե առկա եկամուտները և հայտագրված եկամուտներն իրարից տարբեր են, արդեն կարելի է այդ հանցակազմը կիրառել: Երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 5-6 տարի առաջ Կառավարության նիստում ասաց, որ «խոշոր ձկներին» պետք է գլխից բռնել, ես միշտ ասում էի, որ խոշոր ձկներին բռնելու կարգը մենք տվել ենք հակակոռուպցիոն կառուցակարգի միջոցով, մնում է քաղաքական բարձր կամք դրսևորել: Իսկ թե ինչու չեն բռնել, որովհետև այդ քաղաքական կամքը բացակայել է: Երկրորդ օբյեկտիվ պատճառն այն է, որ այդ կառուցակարգն ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ից, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձիք, իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով պետք է ներկայացնեին 2018 թվականի մարտի 30-ին: Այդ հայտարարագրերը վերլուծելու արդյունքում արդեն հնարավոր է գտնել համապատասխան իրավական խախտումներ ապօրինի հարստանալու հանցակազմի մասով և դրանք ներկայացնել ՀՀ դատախազություն: Ճանապարհը սա է, սակայն իրավապահ մարմիններն էլ պետք է աշխատեն, որպեսզի բացահայտեն: Կա նաև երրորդ ճանապարհը, որը 2018 թվականի հուլիսի 1-ից կգործի՝ կոչվում է azdararir.am, որտեղ անանուն կերպով յուրաքանչյուր քաղաքացի կարող է կոռուպցիոն հանցագործության մասին հայտարարություն տալ:

-Հայտնի է, որ ապօրինի հարստացումը Հայաստանում աշխատում է 90-ականներից և մինչև այսօր շատ մարդիկ հարստացել են, որոնց մի մասը ոչ օրինական ճանապարհով: Այսօր էլ մամուլում բազմաթիվ հայտարարություններ կան, ԱԱԾ-ի և Ոստիկանության վերջին գործողությունները բավական հետաքրքիր փաստեր են բացահայտում: Բայց ապօրինի հարստացման մասին օրենքը գործում է գրեթե մեկ տարի: Նախկինում ապօրինի հարստացածները լեգիտիմացվո՞ւմ են, ի՞նչ է լինելու դրա հետ:

Օրենքի հիմնական իմաստը կարմիր գիծ գծելն է ու դրանից հետո Հայաստանում թույլ չտալ ապօրինի հարստացում, բայց մեկ պայմանով, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձիք մինչև մարտի 30-ն իրենց հայտարարագրերում ցույց տային ապօրինի հարստացումները, բայց քանի որ ինչպես ցույց տվեց ապօրինի հարստանալու առաջին դեպքը, պաշտոնատար անձիք իրենց ապօրինի հարստացման մասին տվյալներն իրենց հայտարարագրերում չեն նշում: Դա նշանակում է, որ այդ հանցակազմը ներկայումս շատ արդյունավետորեն կարող է կիրառվել կոռուպցիայի դեմ պայքարում ու այդ «խոշոր ձկներին» կարող են պատասխանատվության ենթարկել:

-Այսօրվա իշխանություններն իրենց վերջին գործողություններով, կարծես քաղաքական կամքի որոշակի էլեմենտներ դրսևորում են՝ աղմկահարույց ձերբակալություններ, բերման են ենթարկում որոշ մարդկանց որոշակի պրոցես է գնում: Դուք՝ որպես այս ոլորտում երկար տարիների փորձ ունեցող, ի՞նչ եք կարծում, այն քաղաքական կամքը, որ նշում եք, այս իշխանություններն ունե՞ն, թե էլի քաղաքական կոնյուկտուրայի վերադասավորումների արդյունքում այդ կամքը կարող է մոռացվել:

Այն, ինչ ներկայումս տեսնում  ենք, դա վկայում է, որ քաղաքական բարձր կամք կա կոռուպցիայի դեմ պայքարում: Հետո ինչ կլինի, դժվար է ասել, սակայն շատ կարևոր է, որ այդ քաղաքական կամքը, դրա իրագործումը լինի ինստիտուցիոնալ առումով: Այդ պայքարը միայն ձերբակալությունները, պատժի անխուսափելիությունը չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը հենվում է երեք հենասյուների վրա՝ հակակոռուպցիոն կրթությունը, հակակոռուպցիոն կանխարգելիչ գործողությունները և պատժի անխուսափելիությունը: Կարծում եմ, որ ներկա իշխանությունները նաև պետք է կոռուպցիայի դեմ պայքարում հենվեն ինստիտուցիոնալ գործիքների վրա, որոնցից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմինն է, որն այդ երեք գործառույթները պետք է իրականացնի: Հուսանք, որ իշխանությունները նաև այդ ճանապարհով կգնան, կստեղծեն այդ մարմինն ու պայքարը կդարձնեն ավելի ինստիտուցիոնալ:

-Պատկերացնելով հայաստանյան կոռուպցիայի և՛ կառուցվածքը, և՛ բովանդակությունը, և՛ դեմքերը, ի՞նչ եք կարծում, այսօրվա կառավաությանը հե՞շտ կտրվի նրանց դեմ պայքարը:

-Կոռուպցիայի դեմ պայքարն առաջին հերթին քաղաքական կամքն է, բայց նույնիսկ ամենաուժեղ, լեգիտիմ իշխանությունը միայնակ չի կարող լուրջ հաջողություններ ունենալ, եթե չապավինի հանրային լայն աջակցությանը: Կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է միահամուռ լինեն հասարակության և իշխանության ջանքերը՝ այդ դեպքում վստահ եմ, որ արդյունքներն էլ բավականին խոսուն կլինեն:

Vesti.am