Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությամբ, կարևոր բարձունք է գրավել: Այդ մասին նա հայտարարել է «Facebook»-ի իր էջում՝ ուղիղ եթերի միջոցով:
Պատասխանելով օգտատեր Սամվել Չախալյանի հարցին՝ վարչապետն ընդգծեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ:
«Այսինքն, այս առումով որևէ բան չի փոխվել: Որոշակի դիրքերի շարժ է տեղի ունեցել: Եվ ասեմ՝ այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ Երևան-Լաչին ավտոճանապարհը նշանառության տակ է առել, նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ 1992-1993 թվականից այդ ճանապարհը նշանառության տակ է, և ճանապարհի վրա ազդեցության առումով ոչ մի փոփոխություն բացարձակապես տեղի չի ունեցել:
Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ: Ընդ որում, խոսել մեր կողմից ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ որևէ տարածք կորսվի առանց մի հատ կրակոցի: Ադրբեջանը որոշ դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով, ես հիմա չեմ ցանկանում անդրադառնալ թեմային՝ մենք որևէ դիրք տեղաշարժել ենք, թե չենք տեղաշարժել, և ընդամենը ուզում եմ ասել, որ մարտավարական և ռազմավարական առումով Նախիջևանի ուղղությամբ որևէ բան չի փոխվել, մենք ունենք նույն իրավիճակը, որն ունեցել ենք մի քանի ամիս առաջ»,- ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ այնտեղ դիրքերի որոշակի տեղափոխություն է տեղի ունեցել, ինչի պատճառով իրավիճակի որոշակի լարում է եղել, և իրավիճակը շարունակում է մնալ որոշակի լարված, սակայն ծայրից ծայր անհեթեթություն է այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է այս խնդրի կապակցությամբ: «Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի այն մտավախությունները, մարտահրավերները և ռիսկերը որոնք կարող են բխել իրադրության այսպիսի փոփոխությունից, դարձնենք կառավարելի»,- մանրամասնեց Փաշինյանը:
Vesti.am









