Զինվորական ծառայությունը այլևս պարտադիր պայման չի լինի Պետական պահպանության հատուկ ծառայությունում (ՊՊՀԾ) աշխատելու համար։
Կառավարությունն արդեն խորհրդարանին է ներկայացրել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը։
«Պետական պահպանության հատուկ ծառայության մասին» օրենքը սահմանում է, թե ովքեր են պատկանում պայմանագրային-մասնագիտական ծառայողների կատեգորիային, և ովքեր են ընդգրկված կադրային ծառայողների կազմում։ Հաշվի առնելով գործող օրենքը՝ վերոնշյալ անձինք պետք է անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն։
Կառավարության պարզաբանմամբ` արդյունքում զգալիորեն սահմանափակվում է աշխատանքի ընդունվել ցանկացող քաղաքացիների աշխատանքի իրավունքը:
Խորհրդարան ներկայացված օրենքի նախագիծը վերացնում է նման պարտավորությունը և սահմանում, որ անձի զինվորական ծառայությունն այլևս պարտադիր պայման չի լինելու Պետական պահպանության հատուկ ծառայության պայմանագրային-մասնագիտական և կադրային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար։









