Տնտեսագետ Վահագն Խաչատրյանից Vesti.am-ը հետաքրքրվեց, թե տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կունենան ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի վերջին գործողությունները:
Տնտեսագետի խոսքով՝ ազդեցությունը երկակի է:
«Առաջինը, իհարկե՝ դրական է, որովհետև, բոլոր դեպքերում մարդիկ տեսնում են, որ նոր Կառավարությունը վճռական է և իր հայտարարությունները ոչ միայն հայտարարություններ են, այլև գործողություններ և դա շատ մարդկանց համար գրավիչ կդարձնի Հայաստանում բիզնես ունենալը: Մարդիկ էլ, ովքեր հիմա բիզնես ունեն, կգնահատեն, որ նոր Կառավարությունն աջակցում է օրինական դաշտում աշխատողներին ու նախկինում անօրինականություններ թույլ տված օլիգարխիային հետևողականորեն փորձում է օրինական տնտեսական դաշտ բերել»,-ասաց նա:
Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ՝ երկրորդը բացասական ազդեցությունն է: Նրա խոսքով՝ մարդիկ ուզում են հասկանալ, թե որքանո՞վ են սրանք ոչ թե գործողություններ, այլ աշխատանքային ոճ:
«Այսինքն՝ ԱԱԾ այլևս այս գործընթացներին չի մասնակցելու, սկսելու են նորմալ տնտեսական հարաբերություններ, որտեղ այն գործողությունները, որ հիմա կատարում է ԱԱԾ-ն, պետք է կատարեն հարկային մարմինները: Բոլոր դեպքերում, ընդհանուր սպասումների առումով դրական է և մարդիկ իրավիճակը գնահատելով շահագրգիրռ կլինեն, որ բիզնես ստեղծեն և ներդրումներ կատարեն»,-ասաց տնտեսագետը:
Vesti.am










