Vesti.am-ի զրուցակցին է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
- Պարոն Բագրատյան, ըստ Վենետիկի հանձնաժողովի առաջարկների՝ ընտրություններն առհասարակ պետք է անցկացնել Ընտրական օրենսգրքի ընդունումից առավելագույնը մեկ տարի անց: Բայց եթե անգամ ձեր իսկ կողմից նշված 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին տեղի ունենան արտահերթ ընտրությունները, ապա հանձնաժողովի առաջարկը խախտվելու է: Այդ հանգամանքը ձեզ չի՞ մտահոգում:
Խիստ կարևորում եմ հատկապես Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, քանի որ զարգացած բոլոր երկրներն էլ անցել են այդ փուլով, հետևաբար՝ այդ հարցում շտապողականություն դրսևորելը սխալ կլինի, ինչը վտանգների ու ռիսկերի կարող է հանգեցնել, որոնք հետագայում կազդեն երկրի զարգացման դեմոկրատական ուղու վրա:
Կարծում եմ, որ միջազգային կառույցների առաջարկած ձևակերպումները պետք է իրացվեն: Միգուցե շատերն այդքան էլ չկարևորվեն ձեր իսկ կողմից նշած փաստը, որ ԸՕ-ն պետք է կիրարկվի դրա ընդունումից մեկ տարի անց միայն, բայց կարևորագույն այս փուլում շտապողականություն պետք չէ դրսևորել:
- Նույն Վենետիկի հանձնաժողովը, կարծես, վարկանիշային ընտրակարգից հրաժարվելու խորհուրդ չէր տվել՝ հաշվի առնելով խորհրդարանում մարզերից նույնպես պատգամավորներ ունենալու հանգամանքը:
Այո, կա նման մտահագություն, և մենք պետք է անպայման հանձնառություն ունենանք քվոտավորել մարզային ներկայացուցիչների քանակը: Այս պահին քննարկվում է վարկանիշային մեկ այլ տարբերակ, այն է՝ ռեյտինգային թեկնածուներին քվեարկել ամբողջ հանրապետությունում:
- Ռեյտինգային համակարգի՝ ձեր իսկ կողմից նշած տարբերակին խմբակցությունը դե՞մ չէ:
Դա հետաքրքիր առաջարկ է, որին «Ծառուկյան» դաշինքն, այո, դեմ չէ: Խմբակցությունում դեռ վերջնական որոշում չկա, բայց դրական մոտեցում կա այդ հարցի մասով:
- Վերջերս «Ծառուկյան» դաշինքի այլ պատգամավորներ հայտնել էին, թե առաջիկա ընտրություններին «50+1» ձայն են ապահովելու: Դուք նույնպե՞ս այդ տեսակետին եք:
Այս հայտարարության մեջ մենք պետք է նայենք մի քանի կոմպոնենտներ: Առաջինն այն է, որ հայտարարությունը, որպես քաղաքական հայտարարություն, ճիշտ է: Որևէ քաղաքական ուժ, մասնակցելով ընտրություններին, պետք է աշխատի առավելագույն քվեներ ունենալ: Այդ «50+1»-ի մասին հայտարարությունները խնդրահարույց էին գուցե զուտ էթիկապես, որ այս պահին կառավարության մաս կազմելով՝ մեր դաշնակից քաղաքական ուժերին ինչ-որ չափով մտահոգվելու տեղիք ենք տվել: Բայց մենք առաջնորդվել ենք դասական սկզբունքով, այլ ոչ թե հաշվի ենք առել տվյալ պահի քաղաքական իրավիճակը:
Vesti.am