Foto

Ե՞րբ մարդիկ իրենց վրա կզգան ՀՀ տնտեսական աճը

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.6%-ով։

Ի՞նչ գործոններով է դա պայմանավորված և որքանո՞վ քաղաքացին կզգա այդ աճն իր վրա, Vesti.am-ը հետաքրքրվեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանից:

%d5%a1%d5%b3

-Պարո՛ն Խաչատրյան, ինչի՞ մասին են խոսում այդ թվերը:

Եթե հետևենք, թե ինչով է դա պայմանավորված՝ շինարարությունն է 17 տոկոս աճ գրանցել, արտաքին առևտրում բավականին տպավորիչ թվեր են ներկայացվում: Գրեթե չկա մի ճյուղ, որն առաջին 5 ամսվա ընթացքում աճ ցույց չի տվել: Թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, այստեղ մի խնդիր կա, որովհետև շատ դեպքում ԱՎԾ-ի հապարակած տվյալները հետո նույնիսկ իրենք են ճշգրտում՝ դեպի նվազում: Դա էլ չի բացառվում, որովհետև բոլոր դեպքերում արտաքին կյանքում այդպիսի բարենպաստ վիճակ չի եղել: Երկրորդ կողմը կա, որը վերաբերում է հիմնականում ստվերին: Դա դեռևս անցած տարվանից էին սկսել՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից: Շատ տարօրինակ թվեր էին հրապարակում, հատկապես ներմուծման հետ կապված, երբ միանգամից սկսել էինք շատ շապիկ կամ ներքնաշոր հագնել և այլն: Համեմատելով թվերը տեսնում էինք, որ չէր կարող այդպիսի աճ գրանցվել: Միակ եզրակացությունն այն էր, որ սկսում էին ավելի խիստ հաշվառել: Նույնը վերաբերում էր վերամշակող արդունաբերության որոշ արտադրանքների, որոնց թվերն սկսել էին ճշգրտվել: Բացատրությունը միայն դա էր, որովհետև տնտեսության մեջ որևէ էական փոփոխություն չէր եղել, այսինքն՝ սկսել էր որոշակի առումով ստվերը վեր հանվել: Չի բացառվում, որ որպես երկրորդ հանգամանք սա շարունակվում է:

Երրորդ հանգամանք էլ կա, որն ընդհանուր խնդիր է տնտեսության համար և մեր երկրում ընդհանրապես: Խնդիրն ստեղծված արդյունքի բաշխումն է, երբ մենք չենք տեսնում դրա ազդեցութունը քաղաքացիների վրա: Դա պայմանավորված է նրանով, որ նոր ստեղծված արդյունքից օգտվողները շատ սահմանափակ են: Մի հանգամանք ևս կա՝ միջազգային շուկայի ազդեցությունը՝ հատկապես հանքահումքային արտադրանքի վրա:

-Պարո՛ն Խաչատրյան, մինչ այս, տնտեսական աճը քաղաքացիներն իրենց վրա չէին զգում, արդյո՞ք հիմա կզգան:

Հիմա էլ չի զգացվի, որովհետև դեռևս մենք իներցիայով նախկին հարաբերությունների դաշտում ենք գործում և ժամանակի ընթացքում, երբ կոռուպցիայի դեմ պայքարը հաջողություն ունենա, մրցակցություն ստեղծվի և մենաշնորհների խնդիրներն իրենք իրենց լուծվեն, այդ ժամանակ մենք նույնիսկ շատ ավելի ցածր տոկոս աճ ունենալու դեպքում մեր վրա կզգանք: Օրինակ, երբ խոսում եմ հանքարդյունաբերության մասին, այն, լինելով բավականին զգալի ազդեցություն ունեցող ճյուղ տնտեսության վրա, այդտեղ աշխատում է ընդամենը 10 հազար մարդ, նրանք վճարում են ամբողջ հարկերի 4.2 տոկոսը: Եթե նայում ենք նաև մարզային կտրվածքով, Սյունիքի մարզը համարվում է ամենաապահովված մարզերից մեկը՝ շնորհիվ այն բանի, որ այնտեղ է կենտրոնացված հանքարդյունաբերությունը: Այդ է պատճառը, որ դրա ազդեցությունն ավելի լայն խավերի վրա չի զգացվում: Եթե տնտեսության մեխանիզմը փոխվի և արդյունքի բաշխման մեխանիզմները փոխվեն՝ կլինի թե՛ հավասար մրցակցության պայմանների ստեղծումը, թե՛ հարկային նոր քաղաքականությունը. նույնիսկ շատ ցածր տոկոս տնտեսական աճի դեպքում ավելի շատ մարդիկ դա կզգան և աճի արդյունքն ավելի զգալի կլինի:

dram

-Իսկ այս թվերի պատճառը հարկային մուտքերի ավելացո՞ւմն է, թե՞ այլ գործընթացներ են գնում ու թվերը դեռ կփոխվեն:

Հարկային մուտքերը դրա հետ կապ չունեն: Ես չեմ տեսնում, որ հարկային մուտքեր են ավելանում: Թեկուզև ԱՎԾ-ն հրապարակել էր թվեր, որտեղ նախորդ տարվա համեմատ ավելացել էր, բայց դրանք համեմատելի թվեր չեն, որովհետև մեթոդոլոգիա է փոխվել: Այս տարի գյուղատնտեսության համար բավական բարենպաստ տարի է, որի արդյունքում կտեսնենք, որ տնտեսական ակտիվությունը բավականին բարձր կլինի: Թե հետագայում ինչքանով սա կշարունակվի, կախված է նրանից, արդյո՞ք ներդրումներ կլինեն, թե՞ ոչ: Տնտեսության այսօրվա կառուցվածքը որոշակի հնարավորություն է տալիս աշխուժություն ապահովելու համար: Եթե նայենք նաև ներդրումները, հիմնականում հանքարդյունաբերության ուղղությամբ են և ավելի կոնկրետ Ամուլսարի: Այսօրվա տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչ գործոնը հանքարդյունաբերության, կոնկրետ Ամուլսարի շինարարությունն է, բայց հիմա այնտեղ խնդիրներ են առաջացել և դա կարող է այլևս իր ազդեցությունը չունենալ և տնտեսության մեջ խնդիրներ առաջանան:

Amulsar

-Իսկ տնտեսության զարգացման հեռանկարի առումով ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

Բոլորը սպասում են, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարելու Կառավարությունը, ինչ տնտեսական զարգացման ճանապարհ է ընտրելու: Հատկապես բոլորին հետաքրքրում է հարկային քաղաքականությունը, որովհետև այն, ինչ մինչև հիմա կատարվել է, դրանք բիզնեսին նպաստող չեն եղել: Դրա մեջ մտնում է և՛ կուտակայինը, և՛ եկամտահարկը, և՛ շրջանառության հարկը: Այն ամբողջ կոմպլեքսը, որը ներկայացվեց մեզ անցյալ տարի Հարկային  նոր օրենսգրքում, նպաստող չէ փոքր ու միջին, չապահովված ու չերաշխավորված բիզնեսին: Սա ամենակարևորն է, որ իշխանությունը պետք է արագ այս հարցերի պատասխանը տա: Հասկանալի է, որ այսօր դրանից զատ կա քաղաքական ավելի կարևոր խնդիր՝ ընտրությունները: Ի վերջո գործող Կառավարությունը կարող է իր քաղաքականությունն իրականացնել միայն այն դեպքում, երբ քաղաքական աջակցություն ունենա նաև պառլամենտում: Այս երկու հարցը զուգահեռ իրար հետ տանելու հանգամանքն է, որ շատ դժվար է: Միանգամից այդ երկու հարցերն իրար հետ լուծել չի լինի, ինչից որոշ առումով տուժում է բիզնեսը: Բոլոր դեպքերում, այն, ինչ կատարվում է, կարծում եմ, բիզնեսը կգնահատի և շունչը պահած կսպասի, թե երբ իրականություն կդառնա այդ հարկային քաղաքականությունը, որը նաև նշանակում է, թե ամբողջ տնտեսական քաղաքականությունն ինչպես է լինելու:

Մերի Բալասանյան

Vesti.am