Foto

Վարչապետը ներողություն կխնդրի՞ Մանվել Գրիգորյանից

Այսօր  Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով նրան ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից:

«Հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը Ձեր հայտարարության պահին բացակայել է, որով վիրավորել և զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը, հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից»,-նշել է նա:

Vesti.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանից փորձեց պարզել, թե տեղյակ են հայտարարությունից և արդյո՞ք վարչապետը պատրաստվում է ներողություն խնդրել:

«Ումի՞ց, ինչի՞ համար: Կատարվում է քննություն, կատարվել են օպերատիվ հետախուզական աշխատանքներ, ունենք կոնկրետ իրավիճակ և այսօր ոչ միայն վարչապետը, այլև հասարակության ճնշող մեծամասնությունը ունի այն կարծիքը, որն ունի և մնացածն արդեն ցույց կտա քննությունը»,-նշեց նա:

Անդրադառնալով  փաստաբանի այն հայտարարությանը, թե վարչապետի հայտարարությունից հետո հասարակության մի լայն զանգված ատելությամբ է լցվել դեպի Մանվել Գրիգորյանն ու նրա ընտանիքը, համացանցը լցվում է նրա և նրա մերձավորների ընտանիքների նկատմամբ հաշվեհարդարի կոչերով, սպառնալիքներով, ընդհուպ՝ հաշվեհարդարի կոչերով նրա կողքին կանգնող իրավապաշտպանների նկատմամբ, Եղոյանը նշեց. «Ես չեմ կարող չափել կամ գնահատել Մանվել Գրիգորյանի նկատմամբ ձևավորված վերաբերմունքի վրա վարչապետի ազդեցությունը: Որպես քաղաքացի, ավելի շատ հակված եմ մտածել, որ ամեն մարդ ինքն է ձևավորում իր նկատմամբ հասարակության վերաբերմունքը»:

 Փաստաբանը նաև նշել էր, որ Մանվել  Գրիգորյանին վատ են վերաբերվում և կալանավորումը խոշտանգում է նրա նկատմամբ:

«Եթե կան փաստեր, թող հրապարակի: Կարող եմ ասել՝ ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլև ցանկացած այլ ձերբակալվածի կամ կալանավորի նկատմամբ չի կարող լինել վատ վերաբերմունք վարչապետի գիտությամբ կամ թույլտվությամբ: Նման բան բացառվում է, առավել ևս խտրական մոտեցումը»,-հավելեց նա:

Դուսյա Ղազարյան

Vesti.am