Foto

Սուրբ Գայանե վանքում «ընդունում-հանձնում» է. Հայր Կորյունին ազատել են վանահոր պարտականություններից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից:

Հիշեցնենք, որ Հայր Կորյունն ակտիվ մասնակցություն էր ունենում կաթողիկոսի դեմ կազմակերպվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» բողոքի ակցիաներին:

Vesti.am-ը այդ հարցի շուրջ զրուցեց Հայր Կորյունի հետ:

Մեր հարցին՝ արդյո՞ք այս որոշումը կապված է բողոքի ցույցերին մասնակցություն ունենալու հետ, նա պատասխանեց.

«Այո, բնականաբար: Փորձում են ճնշում գործադրել, որպեսզի կարողանան հոգեբանորեն ինձ հետ պահել, ճնշել»,-ասաց նա, նաև հավաստիացրեց, որ «միանշանակ» շարունակելու է մասնակցել այդ ցույցերին։

Հայր Կորյունը միաժամանակ տեղեկացրեց, որ հարցազրույցի պահին դեռ ազատման հրաման չի ստացել:

«Հիմա ինձ կանչել են պարզապես հանձնում-ընդունման հարցերով: Ժամը 2-ից հետո նոր ամբողջապես հայտնի կլինի: Գիտեմ, որ նման նպատակներ ունեն, որի համար կանչել են, առավոտից ես Գայանե վանքում եմ, գիշերը այստեղ եմ լինում և սպասում եմ, որ այդ հանձնախումբը գա, որ տեսնեմ ինչ են ուզում»:

Հատկանշական է, որ ավելի վաղ Vesti.am-ի թղթակիցը զանգահարել էր Սուրբ Գայանե վանք՝ Հայր Կոյունի հեռախոսահամարն իմանալու համար, սակայն մեզ հայտնեցին, որ նրա հեռախոսահամարը չունեն: Երբ փորձեցինք պարզել արդյո՞ք նա վանքում չի լինում, պատասխանեցին, որ գուցե լինում է, բայց իրենք հեռախոսահամար չունեն:

Դրա վերաբերյալ Հայր Կորյունն ասաց.

«Ամեն դեպքում Գայանե վանքում ես եմ վանահայրը, քաղաքային հեռախոսահամար չունեմ: Հնարավոր է, այդ հեռախոսահամարը տրամադրված է Մայր Աթոռի ինչ-որ բաժնի, այնտեղից էլ, բնականաբար, նման պատասխան պետք է տան, որովհետև դեմ են: Կամ մատծել են, որ լրագրողի հետ պետք է խոսեմ և բացահայտումներ կլինեն, դրա համար չեն տալիս, չի բացառվում»,-ասաց Հայր Կորյունը:

Մերի Բալասանյան

Vesti.am