Ադրբեջանի զինված ուժերը ներկայում պատրաստ է «օկուպացված» տարածքների ազատագրմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն։
«Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի։ Քաղաքական բանակցությունները մեր գործը չէ։ Այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է օկուպացված տարածքների ազատագրմանը, այդ թվում՝ հոգեբանորեն», - ասել է Հասանովը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ երկրի ԶՈւ-ի շուրջ 80 տոկոսը պայմանագրային զինծառայողներ են: Նրա խոսքով՝ ամբողջ ռազմական տեխնիկան կառավարվում է հենց պայմանագրայինների կողմից, որոնք ունեն առնվազն 5-6 տարվա փորձ։
Հասանովը հավելել է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը խնդիր է դրել իրենց առջև ապահովել բանակի մարտունակությունն իրական ռազմական գործողությունների համար։
«Առաջիկա մի քանի տարվա ընթացքում մենք կավարտենք մեր առաջ դրված խնդիրն ամբողջությամբ»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը՝ շեշտելով, որ դա վերաբերում է նաև ռազմական մեքենաների նորացմանը, արդիականացմանն ու նոր հրետանային համակարգերի գնմանը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ իշխանությունների կողմից մշակված է «Մեծ վերադարձ» անվանումը ստացած հատուկ ծրագիր, որը նախատեսում է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների գրավում, «քանի որ հայկական կողմը չի ցանկանում տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց հողեր»։
Նրա խոսքով, Հայաստանի կողմից «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի յոթ շրջանների օկուպացիայի» հետևանքով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի դարձել է հարկադիր տեղահանված:
Vesti.am









