Foto

Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին:

«Ինչպես տեղյակ եք Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել, ես չեմ ընդունել հրաժարականը: Վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ որոշում ենք կայացրել պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և  աշխատենք այն թեմայի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս: Պետք է Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարների հետ աշխատենք  կենսաթոշակային համակարգն ավելի հուսալի դարձնել: Հանրության և մեր մեջ եղած բոլոր կասկածները պետք է փարատենք: Պետք է վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Այն որոշումը, որը մենք ներկայացրեցինք և ԱԺ-ն էլ հաստատեց, դրա առանցքային նպատակը ժամանակ շահելն է, որպեսզի առանց ցայտնոտի, շահագրգիռ քննարկում ունենանք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի:

Փաշինյանի տեղեկացմամբ՝ Թանդիլյանը առաջիկա երկու ամսվա ընթացքում կաշխատի հանրության, նախարարությունների և շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի  նոր նախագիծ ներկայացնեն:

Մանե Թանդիլյանն էլ ավելացրեց, որ պարտավորություն ունեն համակարգի հուսալիությունն ապահովելու:

«Այն մոտեցումները, որը ներկայացվելու է Ձեզ՝ խարիսխված է լինելու հենց այդ սկզբունքների վրա: Պատրաստ եմ շատ կարճ ժամկետներում ներկայացնել այդ նախագիծը»,- նշեց Թանդիլյանը՝ ավելացնելով, որ կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները նախարարության առաջնահերթ խնդիրներից միակը չէ և ինքը կշարունակի պաշտոնավարել՝ դրանց լուծումներ տալով:

Vesti.am