Foto

Ինչպե՞ս եք լուծելու Թեղուտ ՓԲԸ-ի ու շնողցիների խնդիրը. ՀՅԴ-ականը՝ փոխվարչապետին

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցով դիմեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը: Վերջինիս հարցը վերաբերում էր Թեղուտ ՓԲԸ-ին, որը Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքում աշխատող հանքավայրում վերջին շրջանում կրճատումներ է արել՝ մի շարք աշխատակիցների զրկելով եկամտի հիմնական աղբյուրից:

«Տարիներ առաջ «Թեղուտ ՓԲԸ»-ն  այդ մարդկանց համոզել է վաճառել իրենց հողերը, որոնց տեղում կառուցվել են Թեղուտ ՍՊԸ-ի հանքավայրը, գործարան ու հարակից այլ շինություններ: Բնակիչների ու ընկերության մոտ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ հանքը շահագործվելու է նվազագույնը 50 տարի, ու այդ ընթացքում համայնքի բնակիչներն ապահովվելու են աշխատանքով: Բայց արդեն մի քանի տարի անց հանքը դադարել է շահագործվել, մարդիկ էլ փաստի առաջ են կանգնել՝ զրկվելով թե՛ աշխատանքից, թե՛ հողամասերից ու դրանից բխող անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելու հնարավորությունից: Ի՞նչ եք անելու խնդրին լուծում տալու համար»,- հարցրեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ խնդրին ծանոթ է, ուսումնասիրել են ու համապատասխան հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի Թեղուտ ՓԲԸ-ի ու Շնող համայնքի բնակիչների խնդիրներով:

Արձագանքելով Ավինյանի պատասխանին՝ Կյուրեղյանը տեղեկացրեց նաև, որ Շնող համայնքի բնակիչները վարկեր են վերցրել՝ ապավինելով իրենց աշխատանքին, բայց արդեն քանի ամիս է չեն կարողանում մարել բանկերի ամսական գումարները, իսկ բանկերից արդեն նամակներ են ստանում, որ եթե մեկ ամիս էլ վճարում չկատարեն, ապա տույժեր ու տուգանքներ են գալու իրենց հաշիվներին:

Պատգամավորի արձագանքին պատասխանելով՝ փոխվարչապետը տեղեկացրեց՝ խնդրի այս հատվածին տեղյակ չէ, բայց հուսով է, որ այս դրույթը նույնպես կգրավի խնդրով զբաղվող հանձնաժողովի ուշադրությունը, ու համապատասխան լուծումներ կգտնվեն:

Vesti.am