Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։
Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և կարևորել Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը էապես նպաստում են նաև նման փոխայցելությունները և բարձրաստիճան ակտիվ շփումները։ Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳ նախարարությունների համատեղ ծրագրերը, մասնավորապես, հանցավորության, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև ներքին անվտանգության մակարդակի էլ ավելի բարձրացման գործում։
Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ դրանք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ կապերի ամրապնդմանը՝ ի նպաստ առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմագրավելուն։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցությանն ու տարբեր ուղղություններով հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։









