Foto

ԱԶԲ-ն պատրաստ է օժանդակել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը  հունիսի 5-ին  ընդունել է  Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի  տնօրեն Շեյն Ռոզենթալին: Ինչպես տեղեկանում է նախարարության լրատվական ծառայությունը, քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։

Արթուր Գրիգորյանը  կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը  բարեփոխումների իրականացման ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ  տարեցտարի կխորանան  էներգետիկայի բնագավառում առկա հարաբերությունները, կընդլայնվեն  փոխգործակցության ոլորտները:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի օժանդակությամբ  իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լայնամասշտաբ վերակառուցմանը և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, տեխնիկական վերազինմանը:

Շեյն Ռոզենթալը  փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին։