Foto

«Meydan TV-ն» ներկայացրել է ադրբեջանցի մահացած 81 զինծառայողների տվյալներ

Չնայած Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները շարունակում են գաղտնի պահել ապրիլի 1-5 ԼՂՀ հետ շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ագրեսիայի հետևանքով սպանված սեփական զինծառայողների ստույգ թիվը, սակայն, ադրբեջանական աղբյուրները՝ սեփական հետազոտության արդյունքում, հայտնում են տվյալներ, որոնք մոտ 3 անգամ գերազանցում են պաշտոնապես հայտարարված թիվը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է 31 զինծառայողի կորստի մասին (Mod.gov.az - ապրիլի 2-ին` 12, ապրիլի 3-ին` 3, ապրիլի 4-ին և 5-ին` 16)` հանրությանը չներկայացնելով այդ անձանց ցուցակը: Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելին են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ նշել է, որ եթե զոհերի մասին իր հայտնած թվերից տարբերվող թվեր հայտնողներ լինեն, ապա «դա նրանց անձնական գործն է»:

Այդուհանդերձ, ադրբեջանական ինտերնետային «Meydan TV» լրատվական կայքը, շարունակելով ի մի բերել ապրիլի 2-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակաշրջանում սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, հրապարակել է ապրիլի 8-ի օրվա վերջի դրությամբ ադրբեջանական կողմի ընդհանուր կորուստը` նշելով բոլոր սպանվածների անունները և նրանց հողին հանձնվելու վայրերը:

Ըստ «Meydan TV»-ի հրապարակման` Ադրբեջանի զինված ուժերի ապրիլի 1-7-ն ընդհանուր կորուստը կազմել է 81 զինծառայող, 6 անհայտ կորած զինծառայող, 6 քաղաքացիական անձ:

Նշենք, որ Ադրբեջանի առաջին տիկին, «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան ապրիլի 7-ին Բաքվի «Հեյդար» մզկիթում ապրիլի 1-5-ը սպանված զինծառայողների հիշատակին հոգեհաց է կազմակերպել: Արարողությանը հրավիրվել են սպանված զինծառայողների մայրերը: Դատելով այդ արարողությունից՝ Ադրբեջանի պաշտոնական «azertag.az» լրատվական կայքի հրապարակած լուսանկարներում արարողությանը մասնակցած զոհված ադրբեջանցի զինծառայողների մայրերի թվից, պարզ է դառնում, որ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիային հայկական կողմի հակահարվածների արդյունքում ադրբեջանական կողմի կորուստն անցնում է մի քանի հարյուրը:

ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ը ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 8 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

Vesti.am