Սոցիալական պաշտպանության ոլորտը հագեցած է տարիների ընթացքում կուտակված բազմաշերտ խնդիրներով, որոնք արդարացիորեն առաջացրել և դեռևս շարունակում են առաջացնել մեր շահառուների և քաղաքացիների դժգոհությունն ու վրդովմունքը: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: «Դժգոհություններ կան՝ ինչպես կենսաթոշակային ապահովության, նպաստների նշանակման և վճարման, այնպես էլ հաշմանդամների հիմնահարցերի և մյուս բնագավառների և հատկապես բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործընթացից, որտեղ շարունակաբար նախարարության կողմից չի իրականացվել պետական վերահսկողություն։ Դա է պատճառը, որ իմ նշանակման առաջին իսկ օրվանից ԲՍՓ հանձնաժողովները և համակարգի խնդիրները գտնվում են իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։ Արդեն իսկ նախաձեռնել ենք միջոցառումներ․ դադարեցվել են հսկողական վերափորձաքննությունները, ուսումնասիրման առարկա են վերափորձաքննության արդյունքում փոփոխության ենթարկված կարգեր։ Այսօր հանդիպում եմ նախաձեռնել՝ ԲՍՓ ղեկավար կազմի և հանձնաժողովների բժիշկների մասնակցությամբ։ Տրվել են խստագույն հանձնարարականներ հետևել օրենքի տառին։ Միևնույն ժամանակ կոչ եմ անում քաղաքացիներին օգտագործել azdarar.am հարթակը և հաղորդում թողնել առկա խնդիրների վերաբերյալ։ Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկություն՝ յուրաքանչյուր ոք նաև պետք է իմանա, որ տեղեկության կամ հայտարարության հիմնավորվածությունը ենթակա է ստուգման նաև իրավապահ մարմինների ներգրավմամբ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ հանձնառու եմ ոլորտի հիմնախնդիրների կարգավորմանն ու լուծմանը:









