Foto

Այս ամսվա ընթացքում կաթի գինը կմնա նույնը. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերով պատասխանել է այն հայտարարություններին, ըստ որոնց՝ հեղափոխական շարժման ընթացում մի շարք անձանց պատրաստել են մարզպետների պաշտոնի համար:

«Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել՝ հղում կատարելով նաև օրենքին, ըստ Սահմանադրության՝ մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ: Մյուս նշանակումների դեպքում էլ, վստահ եղեք՝ վարչապետը կկատարի ճիշտ ընտրություն, և Դուք կունենաք այնպիսի պաշտոնյաներ, որոնք ամենայն պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները և կկատարեն իրենց ուսերին դրված բեռը»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ վերջին շաբաթվա ընթացքում տարբեր մարդիկ, շարժման անունից հանդես գալով, գնում են տարբեր գյուղերի գյուղապետարաններ և պահանջում գյուղապետերի հրաժարականները։

«Ի պաշտոնե, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան»,-ասաց նա՝ հորդորելով նման քայլ կատարողներին դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը:

Սուրեն Պապիկյանը պատմեց, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ աշխատանքային խորհրդակցություններ են ունեցել նաև կաթի գնի հետ կապված խնդիրների մասին:

«Արժանին պիտի մատուցենք այն տնտեսվարողներին, որոնք, լսելով փոխվարչապետի հորդորը, գնացին զիջման, հայտարարեցին, որ այս ամսվա ընթացքում կաթի գինը կմնա նույնը: Ես հիմա բոլոր գյուղացիներին հայտարարում եմ այս մասին և հորդորում եմ դադարեցնել փողոցի փակումը»,- ասաց նա՝ խնդրելով բոլոր խնդիրների դեպքում դիմել իրենց և ստանալ խնդրի լուծումը: