Foto

Վաչե Տերտերյանն ընդունել է ԳՄՀԸ (GIZ) պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Վաչե Տերտերյանը մայիսի 10-ին  ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի պատվիրակությանը, որի կազմում էին ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԿԻԿ տարածաշրջանային տնօրեն Հանս-Յոահիմ Լիպը, ԿԻԿ Հայաստանի թիմի ղեկավար Քարսթեն Շուլցը, ԿԻԿ Հայաստանի ապագա թիմի ղեկավար Թոբիաս Վիթմանը, ԿԻԿ խորհրդատու Սիրանուշ Գալստյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին` Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել ծրագիրը իրականացնող թիմին համատեղ բարդ և արդյունավետ աշխատանքի համար,  հույս հայտնել, որ ծրագիրը նոր ձևաչափով ևս կշարունակի իր անխափան աշխատանքը։ «Անկախ գործադիր գործառույթների մեջ կատարվող փոփոխություններից, մենք լիահույս ենք, որ այս ծրագրի շրջանակներում ձեռք բերված դրական համագործակցությունը կպահպանի իր անընդհատությունը և զարգացում կստանա նոր ծրագրերի տեսքով»,- նշել է Վաչե Տերտերյանը։

Իր հերթին ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, կարևորելով գործընկեր ՏԿԶ նախարարության  դերն ու գործադրված ջանքերը ծրագրի կյանքի կոչման գործում, ասել է, որ ԳՄՀԸ-ն հավատարիմ և հաստատակամ կմնա ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում, քանի որ այն շատ կարևոր է իրենց թիմի համար։ «Մենք հաստատակամ ենք շարունակել այն դրական համագործակցությունը, որն այս տարիների ընթացքում ձևավորվել է մեր միջև»,- արձանագրել է Աննե Քեմփան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր «Էկոսերվ» ծրագրի դիզայնի, բովանդակության, դրա գործնական կիրառման և ակնկալվող արդյունքներին վերաբերվող մի շարք հարցեր։ Միաժամանակ Վաչե Տերտերյանը նշել է, որ նոր ծրագրերն անպայման պետք է թղթակցվեն ՀՀ կառավարության ծրագրի հետ: