ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց «Ելք» խմբակցության վաչության անդամ Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, նա նշեց, որ Արցախյան ազատամարտի սկզբից ի վեր երկրի տնտեսական ու ոչ միայն տնտեսական զարգացման կարևորագույն խոչընդոտը շրջափակումն է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Հայաստանը ջանքեր է գործադրել այդ շրջափակումը ճեղքելու համար, որպեսզի մեր զարգացումն ավելի ազդեցիկ լինի: Ունե՞ք նոր գործիքակազմ, որը կարող եք ներկայացնել մեզ, որը թույլ կտա վերացնել այդ շրջափակումը, դրանով պայմանավորելով ավելի դինամիկ առաջընթացը:
«Կարծում եմ, որ մենք ոչ թե ցանկալի մտածողությամբ պետք է առաջորդվենք, այլ առաջնորդվենք իրողություններով: Ցավոք, մեր հարևան երկրներում տեղի ունեցող պրոցեսները հիմք չեն տալիս լավատեսության, որ մոտ ապագայում կարող ենք ունենալ ապաշրջափակում: Մենք պետք է արձանագրենք իրողությունը և այդ իրողության պայմաններում մեր տնտեսությունը դարձնենք ավելի արդյունավետ և մեր ունեցած պայմաններին ավելի հարմարված»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ նկատի ունի, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը: Փաշինյանը համոզված է, որ այն «պոզիտիվ էներգիան», որ ստեղծվել է վերջին մեկ ամսվա ընթացքում, ՀՀ-ում հնարավորություն կտա իրապես ազատ մրցակցային դաշտ ստեղծել, ինչն էլ հնարավորություն կտա մեծ ներդրումների ներհոսք ապահովել առնվազն հայկական շրջանակներից:
«Հիմա արդեն այդպիսի պրոցեսներ զգացվում են: Ես համոզված եմ, որ այս իրողության հետ պետք է հաշվի նստել, մեր ունեցած կոմունիկացիաների անցանելիությունն ու օգտագործելիությունը պետք է երաշխավորենք և հնարավորություն տանք, որպեսզի բիզնեսը, մրցակցությունն իրենք այդ խնդիրները լուծեն»:
Գագիկ Մինասյանն արձագանքեց՝ «կարո՞ղ եմ արձանագրել, որ չունեք որևէ տեսլական շրջափակման հետ կապված, քանի որ Ձեր ասածները տնտեսության զարգացման այլ հնարավորություններ են, որոնք իրականացվում են:
«Հայաստանը միշտ էլ ասել է, որ առանց նախապայմանների պատրաստ է բացել սահմանները Թուրքիայի հետ, Թուրքիան ասում է, որ մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի, սահմանը չի բացվելու, Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղն իմն է, Երևանն էլ հետը: Հետևաբար, մենք պետք է այս իրողությունը հաշվի առնենք և ոչ թե հույս ունենանք, որ մեկ ամիս հետո Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ-որ բան է փոխվելու, որը բացելու է մեր միջավայրը, այլ պետք է ելնենք այն իրողությունից, որ ունենք երկու սահման և մաքսիմալ օգտագործենք այդ երկու սահմանները: Նոր կոմպոնենտն այն է, որ իրոք ազատ տնտեսություն լինի, ներդրումների հնարավորություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե այս քաղաքական պայմանները ապահովվեն, տնտեսությունն իր ճանապարհների հարցերը կլուծի՝ եղած քաղաքական և աշխարհաքաղաքական հնարավորությունների սահմաններում:
Vesti.am









