Հաշվի առնելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը՝ Պետական եկամուտների կոմիտեն մտավախություն ունի, որ մայիսին հարկային մուտքերը կարող են նվազել: Ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
Նա նշեց, որ ապրիլին արտացոլվել են դրան նախորդող ժամանակահատվածի արդյունքները:
«Մայիսի համար մենք ունենք մտահոգություններ, քանի որ ապրիլի երկրորդ շաբաթից սկսած տեսնում ենք ֆիսկալ շրջանառությունների անկում՝ թե՛ ՀԴՄ-ներով, թե՛ փաստաթղթերով»,- նշեց նա:
ՊԵԿ պաշտոնյայի խոսքով՝ դրա պատճառը ոչ միայն տնտեսական պասիվությունն է, այլև այն, որ որոշ հարկ վճարողներ, օգտվելով առիթից, ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում:
«Մեր խնդրանքը, հորդորն այն է, որ անկախ այս վիճակներից, մարդիկ պահպանեն օրենքի պահանջը և վճարեն բոլոր հարկերը»,- ասաց Կարեն Բրուտյանը:
Լրագրողների հարցին՝ արդյոք Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալը կաշխատի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, Կարեն Բրուտյանը պատասխանեց.
«ՊԵԿ-ն սկսել է գործընթաց, որ բոլորը օրենքով սահմանված կարգով վճարեն բոլոր հարկերը թե՛ այս կառավարությունում, թե՛ վաղը ձևավորվող կառավարությունում: Իմ հույսն ու նպատակն այն է, որ այդ կարգախոսը լինի: Ես կաշխատեմ, թե ոչ, կարծում եմ՝ բացարձակ էական չէ, կարևորը հարկերի հավաքագրման ու վճարման օրինական գործընթացը ողջ ծավալով կյանքի կոչվի»:









