Foto

Եթե ամեն ինչ իր հունով գնա, 2018-ին կունենանք պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազում. Արամյան

«Այսօր կառավարությունում հաստատեցինք 2017 թվականի բյուջեի կատարողականը՝ իր բոլոր հավելվածներով և մայիսի 1-ին այն օրենքով սահմանված կարգով կմտնի Ազգային ժողով»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

«Մենք բյուջեի կատարողականը ներկայացնելիս հանրությանը խոստանում էինք հարկաբյուջետային այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ մակրոտնտեսական իրավիճակի կայունացում լինի: 2016 թվականին տեղյակ եք, որ պարտք/ՀՆԱ ցուցանիշն օբյեկտիվ պատճառներով բավականին աճ էր գրանցել: Իսկ դա նշանակում էր, որ առաջին հերթին պետք է հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել և 2017 թվականին պարտքի կայունություն լիներ»,- նկատեց Արամյանը՝ հավելելով, որ իրենց, կարծես, հաջողվել է այդ թիրախը խոցել:

Նրա խոսքով՝ 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքում  պարտք/ՀՆԱ աճի տեմպերն էապես դանդաղել են, ինչպես որ խոստացել էին:

«2018 թվականին էլ խոստանում ենք, որ եթե  ամեն ինչ ընթանա իր հունով և մենք խոցենք այն թիրախները, որոնք դրվել են 2018 թվականի բյուջեի հենքում, մենք արդեն կունենանք պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազում՝ առնվազն 1 տոկոսային կետով:

Vesti.am