Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Ինչպես փոխանցում է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- ասված է Արա Բաբլոյանի տարածած հայտարարության մեջ:









