Foto

Վլադիմիր Եվսեև. «Թուրքիայի համար անչափ ցանկալի է սրացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում». Vesti.am-ի հարցազրույցը

Vesti.am-ի հարցազրույցը ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի հետ՝ ԼՂՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ:

-Պարո՛ն Եվսեև, ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂՀ-ում իրավիճակի սրացումը:

-Կարծում եմ, որ իրավիճակի այս սրացումն ամենալուրջն էր՝ 1994 թվականից ի վեր, այսինքն, հրադադարի համաձայնագրի կնքումից հետո: Գործի էր դրվել  գրեթե ողջ զինանոցը, բացառությամբ՝ բալիստիկ հրթիռների, ռմբակոծիչների և կործանիչ ավիացիայի: Կարծում եմ, որ դա իրավիճակի աննախադեպ սրացում էր, ինչը  սպառնում է վերածվել լայնամասշտաբ հակամարտության, այսինքն, սպառնալիքը կարող էր դուրս գալ լոկալ սահմաններից: Միայն հայկական կողմի ռազմական ուժերի հմուտ գործողությունների շնորհիվ, հաջողվեց այն տեղայնացնել: Փորձ էր արվել վերահսկողության տակ վերցնել ԼՂ-ի շուրջ անվտանգության գոտու տարածքը։ Կարծում եմ, որ իրավիճակը ծայրահեղ անհանգստացնող էր, քանի որ եթե, ադրբեջանական կողմը հաջողության հասներ, ապա գայթակղությունը շատ մեծ կլիներ փորձել ազատագրել անվտանգության գոտու շրջանի  բոլոր տարածքները:  Այս դեպքում հակամարտությունը կարող էր անկառավարելի  բնույթ ստանալ: Այսինքն, այն կարող էր դուրս գալ ԼՂ-ի սահմաններից, քանի որ բլից-կրիգ այդպես էլ չէր ստացվի:

-Ձեր կարծիքով  ինչո՞ւ իրավիճակը թեժացավ հենց հիմա և որո՞նք են  դրա պատճառները:

-Իմ կարծիքով, հիմնական պատճառն այս հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությունն է: Թուրքիայի համար հիմա անչափ ցանկալի է սրացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որպեսզի կարողանա շեղել Ռուսաստանի ուշադրությունը Սիրիայից՝ հաշվի առնելով, որ սիրիական քրդերը այժմ ծրագրում են փակել արմատականներին Թուրքիայի հետ կապող վերջին և հզոր ճանապարհը Հալեպի շրջանում: Ռուսաստանի ուշադրության շեղումը ԼՂՀ-ի դեպքերի վրա լուրջ հիմք կլինի՝ հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ներկայության կրճատումը Սիրիայում, ինչն անհնար է դարձնում Թուրքիայի մեծաթիվ զորքերի մուտքը դեպի Սիրիա: Դրա համար  էլ օգտագործվել է ԼՂ-ում իրավիճակի սրացումը: Հենց դա է հիմանկան պատճառը:

-Ըստ Ձեզ՝  կարո՞ղ է Թուրքիան օգտագործել  ղարաբաղյան հակամարությունը Ռուսաստանի դեմ:

-Ակնհայտ է, որ այն օգտագործվել է Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ի: Դա գիտակցված սադրանք է, որի նպատակն է ՌԴ-ի վրա ճնշում գործադրելը: Այդ իսկ պատճառով հենց ՌԴ-ն է  ձեռնարկել այդքան ակտիվ գործողություններ հակամարտության էսկալացիան կանխելու առումով:

Vesti.am