Foto

Սյունիքում ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ կիրականացնի

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այցելել է Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել է մարզում գործունեություն իրականացնող մի քանի տասնյակ գործարարների հետ՝ ոլորտին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու և դաշտի առավել բարելավմանն ուղղված վերջիններիս առաջարկներին և ծրագերին ծանոթանալու նպատակով:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանժողովից հայտնում են, որ հանդիպմանը ներկա մոտ 3 տասնյակ գործարարները զբաղվում են հիմնականում կաթնամթերքի, հրուշակեղենի, հացամթերքի արտադրությամբ, գյուղմթերքների վերամշակմամբ, ինչպես նաև գործունեություն են իրականացնում հանքարդյունաբերության և այլ ոլորտներում:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը իր խոսքում առանձնակի կարևորել է նման այցելությունները՝ նշելով, որ Հանձնաժողովի նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր գործարար զգա տարեցտարի բարելավվող մրցակցային միջավայրի ազդեցությունը՝ իր բիզնես գործունեության վրա, որն անշուշտ կբերի ծավալների, ինչպես նաև արտահանման աշխարհագրության ընդլայնմանը:

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող Էլոլա ընկերության տնօրենը ՏՄՊՊՀ նախագահին տեղեկացրեց, որ այսօր շուկայում առկա է փոշի կաթից պատրաստված կաթնամթերք, որի բաղադրության մեջ սակայն այդ մասին չի նշվում, հետևապես այն ընկերությունները, որոնք իրենց արտադրանքը պատրաստում են թարմ կաթից հայտնվում են անհավասար պայմաններում:

Սպառողը չի տեղեկանում, թե որ արտադրանքն է թարմ, իսկ որը փոշի կաթից պատրաստված: Տնտեսվարողի կողմից բարձրացված խնդրի հետ կապված Արտակ Շաբոյանը հավաստիացրեց, որ Հանձնաժողովը անմիջապես ուսումնասիրություն կսկսի, քանի որ արտադրողի կողմից ոչ ճիշտ մակնշումը կարող է հանգեցնել նրան, որ վերջինս անբարեխիղճ կերպով մրցակցային առավելություն ստանա, ինչն անթույլատրելի է: Սյունիքի մարզի գործարարները խնդիրներ բարձրացրեցին նաև մանրածախ առևտրի ոլորտի, թռչնամսի արտադրության և ներկրման հետ կապված:

Մասնավորապես, հանքային ջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները տեղեկացրեցին, որ խնդիր ունեն մանրածախ առևտրային ցանցերում իրենց արտադրանքի վաճառքի հետ կապված: Խոշոր սուպերմարկետները երբեմն խտրական մոտեցում են ցուցաբերում՝ կամայականորեն որոշելով, որ արտադրողի ապրանքը վաճառել, իսկ որինը` ոչ, կամ որինը առավել տեսանելի ցուցադրել իրենց խանութներում: Արդյունքնում գործարարները կանգնում են իրացման խնդրի առաջ: Ի պատասխան, ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ նման դժգոհություններ ստացվել են թե արտադրողներից և թե ներմուծողներից, և այս պահին Հանձնաժողովը ուսումնասիրում է մանրածախ առևտրի ոլորտը` նման խնդիրների օրենսդրական կարգավորմանը հասնելու նպատակով:

Մարզում թռչնամսի արտադրությամբ զբաղվողներն էլ դժգոհել են, որ այլ երկրներից ներկրվող թռչնամսի վրա հաճախ բացակայում է պատշաճ մակնշումը, թե երբ է այն արտադրվել և որ երկրի արտադրանք է, հետևապես սպառողը կարող է մտածել, որ այն արտադրվել է Հայաստանում:

Արտակ Շաբոյանը նշեց, որ բարձրացված խնդիրների մի մասը, թեև ուղղակիորեն չի գտնվում Հանձնաժողովի կարգավորման դաշտում, այնուամենայնիվ դրանք անուղղակիորեն կարող են որոշակի ազդեցություն ունենալ մրցակցային դաշտի վրա, այդ իսկ պատճառով բարձրացված բոլոր խնդիրները կարճ ժամկետներում կուսումնասիրվեն հանձնաժողովի կողմից, և բոլոր այն խնդիրները, որոնք գտնվում են ՀՀ Մրցակցային մարմնի տիրույթում, լուծում կգտնեն:

Հանդիպմանը ներկա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էլ իր խոսքում նշել է, որ ՀՀ Մրցակցային մարմնի, մարզային համապատասխան կառույցների և գործարարների համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հասնել առկա բոլոր խնդիրների լուծմանը: