Foto

ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիթորինգի արդյունքները լավատեսական չեն. Վարուժան Հոկտանյան

ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիթորինգի արդյունքներն այնքան էլ լավատեսական չեն: Ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նրա խոսքով՝ հատկապես քաղաքացու բյուջեի ներկայացման հարցում կա շտապողականություն:

Անդրադառնալով բյուջետային գրասենյակի գործունեությանը՝ բանախոսը նշեց, որ այսօր մեր երկրում խնդիրն այն է, որ պատգամավորը բյուջեի, բյուջեի կատարողականի նախագիծը և այլ բյուջետային փաստաթղթեր ստանալուց կարողանա հասկանալ դրանք:

«Տեսականորեն հնարավոր է, որ գրասենյակն անգործության մատնվի, եթե ոչ մեկը հարցում չուղարկի: Ներկա դրությամբ երկրի բյուջետային սղության հետ կապված դրված է պարզ խնդիր, որ պատգամավորը կարողանա կարդալ այդ փաստաթղթերը ու լինի ակտիվ: Սրա նպատակն է ԱԺ վերահսկիչ դերի ուժեղացումը: Ուստի առաջին քայլը պետք է լինի հասկանալը: Առայժմ այդ մակարդակն է: Գիտենք, որ շատուշատ պատագամավորներ շատ հեռու են դրանից»,-կարծում է Վարուժան Հոկտանյանը:

Նա պարզաբանեց, որ պատգամավորին ոչ մեկը չի ստիպելու, նա կամավոր հիմքունքներով կարող է դիմել բյուջետային գրասենյակին:

Ծրագրի փորձագետ Հովհաննես Գալստյանի խոսքով էլ՝ Վրաստանի բյուջետային գրասենյակն ամենահաջող մոդելներից մեկն է. այն ունի մի քանի բաժին և բավականին մեծ անձնակազմ:

«ՀՀ-ում գործող նույն մարմնի աշխատակազմն ընդամենը 3 անդամից է բաղկացած»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղաքացու բյուջեի համառոտ ուղեցույցին՝ Հովհաննես Գալստյանը տեղեկացրեց, որ դրա նպատակն է քաղաքացուն  առանց իրավաբանական խրթին տերմինների բացատրել բյուջեն: Սակայն, ըստ նրա, առցանց տիրույթում տեղադրված տարբերակը բավականին խրթին է, ձևաչափն այնքան վատն է, որ ոչ բոլոր սիմվոլներն են հասկանալի:

«Տեքստը բավականին երկար է, և չկա վիզուալիզացիա, որով այդ բարդ տեղեկությունն ավելի հասկանալի ձևով ներկայացվի քաղաքացիներին: Փաստաթուղթը դրվել է առցանց տիրույթում, սակայն հանրությունն իրազեկված չէ, որ նման փաստաթուղթ կա. ստացվում է, որ դա դրվել է զուտ որպես ֆորմալ պարտականություն կատարելու համար»,-կարծում է Հովհաննես Գալստյանը:

Նոր սահմանադրությամբ վերահսկիչ պալատը դառնում է հաշվեքննիչ պալատ: Ի տարբերություն 2015-ի՝ այս կառույցի գործունեության ծրագիրը, եթե նախկինում հաստատում էր ԱԺ-ն, հիմա հաշվեքննիչ պալատն  ինքն է իր գործունեությունը հաստատում: Հովհաննես Գալստյանի կարծիքով՝ սա անկախության չափանիշ է:

«Սա ֆորմալ փոփոխություն է, մեծ անկախություն չի տալիս, բաց դրական փոփոխություն է»,-ասաց նա:

Վարուժան Հոկտանյանն էլ հույս հայտնեց, որ և՛ կառավարությունը, և՛ իրավապահ մարմիններն ավելի լուրջ կվերաբերվեն հաշվեքննիչ պալատի արդյունքներին:

Նա միաժամանակ հայտնեց, որ լսել է, թե բյուջեի վերահսկողությունը տրվելու է այլ մարմնի. «Այդ հզոր մարմինն ունիվերսալ վերահսկողություն է իրականացնելու: Այնքան էլ չեմ խորացել, բայց սա նոստալգիկ հիշողություններ առաջացրեց: Խորհրդային միությունում կար комитет налогового контроля, որը Մոսկվայից մինչև ամենափոքր գործարաններ արտադրական վերահսկողություն էր իրականացնում: Կարծես թե գնում ենք դրան»,-ասաց Հոկտանյանը՝ ընդգծելով, որ ըստ իր տեղեկությունների, դա վարչապետի անմիջական վերահսկողության տակ է լինելու:

Vesti.am