Ամերիկյան «Tesla» ընկերությունը 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մեծացրել է թողարկվող էլեկտրամեքենաների ծավալը: Այդ մասին վկայում է երեքշաբթի հրապարակված ընկերության հաշվետվությունը: Ինչպես հայտնում է «ТАСС»-ը, հաշվետու ժամանակահատվածում ամերիկյան ընկերությունը, ընդհանուր առմամբ, 34 494 էլեկտրամեքենա է արտադրել, որոնցից 24 728-ը՝ «Model S» և «Model X» մոդելների, 9766-ը՝ «Model 3»: Ընկերությունից հայտնում են, որ ընդհանուր ցուցանիշը 40 տոկոսով ավելի բարձր է, քան 2017 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում: Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, վերջին եռամսյակն «ամենաարդյունավետն էր «Tesla»-ի պատմության մեջ»:
«Model 3»-ի արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կրկնակի է մեծացել: Վերջին 7 օրում ընկերությունը 2020 էլեկտրամեքենա է թողարկել:
Հաշվետվության հրապարակումից հետո ընկերության արժեթղթերի գինն ամերիկյան ֆոնդային բորսաներում բարձրացել է 4.29 տոկոսով՝ հասնելով 263.36 դոլարի:









