Մինչ աշխարհը հետզհետե, քայլ առ քայլ մոտենում է ճգնաժամային կետին, ու Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը, ինչպես ցույց է տալիս կյանքը, ժամանակի ընթացքում հարթվելու փոխարեն միայն սրվում է: Բավական հետարքրական գործընթացներ են սկսում ընթանալ Թուրքիայի շուրջ. ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, Արևմուտքը, որն, ինչպես հայտնի է, վերջին շրջանում դարձել էր Անկարայի համար թիվ մեկ քննադատը, կարծես, փորձում է դուրս գալ իր այդ դերից ու Անկարայի հետ նոր որակի հարաբերություներ կառուցել, իսկ ավելի ճիշտ՝ դադարեցնել այն կլոունադան, որին ականատես էր դառնում համաշխարհային հանրությունը Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում, երբ երկու կողմերն էլ ջանում էին ձևացնել, թե այլևս իրար տանել չեն կարող՝ մոռանալով այն անքակտելի կապերի իրական բնույթը, որոնցով դարեր ի վեր միմյանց հետ շաղկապված են Թուրքիան ու Արևմուտքը:
ԵՄ-Թուրքիա համաժողովն ու դրա շրջանակներում Էրդողանի հնչեցրած խոսքը, թե ԵՄ-ն ու Անկարան ստրատեգիական գործընկերներ են, ամերիկյան սպառնալիքի չեզոքացումը, երբ խոսվում էր, թե հնարավոր է՝ Վաշինգտոնը արգելափակի Թուրքիայի հետ նախկինում կնքած պայմանագիրը՝ կապված «F-35» կործանիչների գնման հետ, եթե Անկարան ՌԴ-ից ձեռք բերի «C-400»-ներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի ծավալած բացահայտ նվաճողական քաղաքականության հանդեպ Արևմուտքի մեղմ վերաբերմունքը խոսում են այն մասին, որ Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում վերջին շրջանում նկատվող վիրտուալ լարվածությունն այլևս անցյալում է:
Սա, իհարկե, հետաքրքիր է, սակայն առավել կարևոր է այն, թե ինչով է պայմաավորված այս ամենը, ո՞րն է Արևմուտքի հիմնական նպատակը: Նախ ակնհայտ է, որ այժմ Թուրքիայի հետ արտաքին ճակատում, ինչու ոչ նաև ներսում տեղի ունեցող շատ ու շատ բաներ կապված են Սիրիայի խնդրի հետ: Արևմուտքն այժմ առավել քան երբևէ ունի Թուրքիայի կարիքը, ու չնայած Թուրքիան Ճապոնիայի ու Իսրայելի հետ մեկտեղ հրաժարվել է ենթարկվել բրիտանական կառավարության հրահանգին ու ձեռնպահ է մնացել սեփական տարածքից ռուս դիվանագետներին արտաքսելուց, սակայն անքննարկելի է այն, որ իրադարձությունների զարգացման որոշակի սցենարի պարագայում չի կարող բացառվել սիրիական հողում ռուս-թուրքական հնարավոր առճակատումը: Բանն այն է, որ թե՛ Արևմուտքից ու թե՛ ՌԴ-ից մի շարք ռազմական փորձագետներ պնդում են, որ տեսանելի ապագայում Սիրիական հողում ռուս-ամերիկյան ուժերի իրական բախումը կարող է և անխուսափելի լինել՝ պայմանավորված նախևառաջ այն նպատակների հակասականությամբ, որ հետապնդում են երկու գերտերությունները միևնույն տարածաշրջանում: Արևմուտքի խնդիրը, ըստ էության, մեկն է լինելու. ստեղծված իրավիճակից ամերկացիները փորձելու են հնարավորինս չոր դուրս գալ՝ խուսափելով ռուսների հետ անմիջական ռազմական առճակատումից: Դրա փոխարեն, ըստ էության, կարող է խնդիր դրվել բախման թատերաբեմ նետել հենց Թուրքիային՝ այդ երկրի ձեռքերով մինչև վերջ ավարտին հասցնելու սեփական ռազմաքաղաքական պլանը: Արևմուտքում հասկանում են, որ ռուսների հետ անմիջական ռազմական բախումը կարող է հղի լինել անկանխատեսելի հետևանքներով թեկուզ հենց միայն քարոզչության հարցում, ուստի՝ ամեն գնով փորձելու են ուրիշի ձեռքերով շագանակ դուրս բերել կրակից: Այդ մեկի դերում էլ, ըստ էության, հենց Անկարան է դիտարկվում, ու նույն Վաշինգտոնից եկող ազդանշանները խոսում են այն մասին, որ ներկայում Արևմուտքին ձեռնտու է Թուրքիայի ռազմական հզորացումը, ինչին, ի դեպ նպաստում է նաև հենց թուրքական ռազմական արդյունաբերության զարգացումը. օրերս Անկարան սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ էր փորձարկել, ու Սինոպում անցկացված փորձարկումը հաջողությամբ էր պսակվել: Այսինքն՝ Թուրքիան ունի հզորանալու լուրջ պոտենցիալ, ու Արևմուտքի խնդիրն է ընդամենը չխանգարել այս երկրին՝ աճեցնելու սեփական մկանները, ինչն էլ, ըստ էության, արվում է:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա դրանք ակնհայտորեն անհեռանկարային են առնվազն ռազմաքաղաքական փոխգործակցության իմաստով: Չնայած ռուսներն ամեն գնով փորձում են թուլացնել Արևմուտքի ազդեցությունն Անկարայի վրա՝ դրա համար բանեցնելով տարբեր գործիքակազմեր, սակայն ակնհայտ է, որ Արևմուտքը Թուրքիային ավելի շատ բան կարող է տալ, քան նույն Մոսկվան: Էրդողանի՝ Մոսկվայի հանդեպ որդեգրած մեղմ քաղաքականության նպատակն ընդամենը սեփական գնի բարձրացումն է Արևմոտքի աչքում, ինչպես նաև ավելորդ հակաազդեցությունից խուսափելն առնվազն մինչև ինչ-որ պահ: Չմոռանանք, որ վերջերս էլ նույն Արմուտքը միլիարդավոր եվրոների ֆինանսական աջակցությամբ էր հանդես եկել ուղղված Թուրքիային, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այդ հարաբերությունների իսկական էությունը: Ասել կուզի՝ ոչ մի պարագայում Թուրքիայի համար Ռուսաստանը չի կարող հանդիսանալ իրական այլընտրանք Արևմուտքին, ու ռուս-թուրքական հարաբերություններում հաճախ նկատվող սիրախաղերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ողբերգական բախումը հետաձգելու մի նվազ փորձ, որում առավել շահագրգիռ է նույն Մոսկվան:
Ի՞նչ է Հայաստանին սպասվում այս ամենի ֆոնին: Իրականում Հայաստանի վիճակը նախանձելի չես համարի, հատկապես Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների աննախադեպ սրացման ֆոնին, որին կարող է հետևել Մերձավոր Արևելքում ռուս-թուրքական բախումը կամ առնվազն երկու երկրների միջև նույն Սիրիայում հակասությունների աննախադեպ սրացումը: Բանն այն է, որ ՌԴ-ի դեմ Թուրքիան մի հավերժական գործիք ունի իր ձեռքի տակ, և դա արցախյան հակմարտությունն է: Հարմար պահի այն կարող է օգտագործվել ռուսների դեմ որպես սովորական շանտաժի միջոց, ինչին նախևառաջ պետք է պատրաստ լինենք մենք՝ հայերս, քանի որ դեռևս անհասկանալի է, թե ալիևյան հերթական արկածախնդրության պարագայում ինչ տեսք է ունենալու ռուսական աջակցությունը և կամ արդյոք այն առհասարակ լինելո՞ւ է, եթե ռազմական գործողություններն ընթանան բացառապես արցախյան ճակատում: Կարևոր է նաև հասկանալ, որ հայ-ադրբեջանական բախման հարցը կախված է նաև մեր տարածաշրջանում նույն Արևմուտքի քաղաքականությունից, այն խնդիրների լուծման հավանականությունից, որոնցով այժմ այստեղ զբաղվում է Վաշինգտոնը՝ ասենք նույն Արցախին սեփական հովանավորչությունն առաջարկելով և այլն: Սա, իհարկե, Հայաստանի համար ներկայում շանս է, սակայն հարցն այստեղ այն է, թե այս կոպմլեմենտարիզմը որքան կարող է տևել, որքան ժամանակ ռուսները կարող են հանրդուժել Հայաստան-Արևմուտք հարաբերություններում նկատվող տեղաշարժերը: Վերջապես բոլորն էլ հասկանում են, որ եթե հարցը գա «կամ-կամ»-ին, ապա Հայաստանի ընտրությունն ամենևին էլ ոչ Արևմուտքի օգտին է լինելու: Ավելին՝ ռուսական հանդուժողականությունը նեկայումս պայմանավորված է Մոսկվայի՝ Արևմուտքի հետ կամուրջները վերջնակնապես այրել չցանկանալու հետ, ու այս իմաստով նկատենք, որ հայաստանյան արտաքին քաղաքականությունը լիովին տեղավորվում է ռուսականի տրամաբանության մեջ: Հարցն այստեղ հենց այն է, թե որքան երկար կտևի այս անցողիկ իրավիճակը:
Էռնեստ Ջանփոլադյան