Չգիտես՝ պարզ համընկնում է, թե, այնուամենայնիվ, օրինաչափություն, բայց նախագահ Սարգսյանի վերջին հարցազրույցին գրեթե զուգահեռ սերնդափոխության մասին սեփական մտքերով է շտապել կիսվել մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության» ԵՄ նոր նախաձեռնության ներքո իրականացվող չորս նոր ծրագրի հրապարակման արարողության ժամանակ դիմելով միջոցառմանը ներկա երիտասարդներին՝ Սվիտալսկին հանդես է եկել ակնարկներով, որոնց իրական էությունը հասկանալու համար, թերևս, անհնար է նկատի չունենալ նախագահի՝ դրանից ժամեր առաջ ասած խոսքերը: Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանը խոստացել էր վարչապետ ընտրվելուց հետո ուշադրություն դարձնել քաղաքական սերնդափոխությանը:
Այն, որ Արևմուտքի՝ այս կամ այն տարածաշրջանին վերաբերող նպատակները երբեք կարճաժամկետ հեռանկարների համար չէ, որ մշակվում են, բնավ նորություն չէ: Այնտեղ կարողանում են տասնամյակների համար պլաններ գծել ու դրանք հետևողականորեն իրականացնել: Իսկ ինչպես հայտնի է, մեր տարածաշրջանում Արևմուտքի հետապնդած թիվ մեկ խնդիրներից մեկն էլ ապագայում Անդրկովկասը Արևմուտքի կցորդը դարձնելն է, եթե հնարավոր է՝ խաղաղ ճանապարհով: Պրակտիկան ապացուցում է, որ դեռևս խորհրդային շրջանից գործունեություն ծավալող քաղաքական ավագ սերունդն այդպես էլ ընդունակ չեղավ լիարժեքորեն ինտեգրվել Արմուտքին. առնվազն Հայաստանի պարագայում հենց այդպես է: Սա նշանակում է, որ այդ թվում նաև աշխարհքաղաքական հարցերում շոշափելի արդյունքի հասնելու համար սերնդափոխությունը նույն ԵՄ-ի համար այսօր ուղղակի կենսական է, ավելին՝ Բրյուսելում հենց դրանով են պայմանավորում Հայաստան-ԵՄ հարաբեությունների որակը: Նկատենք, որ Սվիտալսկին իր խոսքում այս իմաստով բավական հետաքրքիր ակնարկներով է հանդես գալիս: «Առաջընթացի բնույթն այնպիսին է, որ յուրաքանչյուր սերունդ միշտ պետք է փորձի ինչ-որ բան այլ կերպ անել, դրանով է, որ մենք կարող ենք առաջ գնալ: Դուք մի սերունդ չեք, որը պետք է օգուտ քաղի այն ամենից, ինչ կուտակվել է։ Դուք ունեք մարտահրավերներ, ԵՄ-ն հավատում է հայ երիտասարդներին, և դուք ունեք այդ առավելությունը: Հարգում ենք Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային, բայց մեր ծրագրերը Հայաստանում ավելի ծավալուն են։ Հուսանք, որ այս ծրագրերը լավ կիրականացվեն»,-դիմելով հավաքված երիտասարդներին՝ բազմանշանակ կերպով հայտարարել է Սվիտալսկին՝ խոստանալով Արևմուտքի անվերապահ աջակցությունը:
Այսպիսով՝ ակներև է դառնում, որ ԵՄ-ի՝ Հայաստանին վերաբերող խորքային պլանները (հեռահար նպատակների մասին է վկայում Արևմուտքի հետ հատուկ հարաբերությունների մեջ գտնվող Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի մասին Սվիտալսկու հիշատակումը) հիմնականում կապված են երիտասարդ սերնդի հետ: Ավելին՝ Սվիտալսկու խոսքերում դժվար չէ նկատել նաև որոշակի հիասթափության տարրեր ավագ սերնդի նկատմամբ, որը, փաստորեն, ընդունակ չեղավ իրապես գնահատելու Արևմուտք-Հայաստան խորքային հարաբերությունների ողջ գրավչությունը:
Մյուս կողմից, համաձայնե՛ք, գլխավոր հարցը, սակայն, այստեղ այն է, թե կոկրետ ինչի մասին կարող է վկայել Սարգսյանի ու Սվիտալսկու՝ սերնդափոխության մասին գրեթե միաժամանակյա հիշատակումը: Սվիտալսկին այսպիսով փորձում է Սարգսյանին ինչ-որ բանե՞ր ակնարկել հայտարարված սերնդափոխության ընթացքի ու վերջնարդյունքի վերաբերյալ՝ նախապես հստակեցնելով Արևմուտքի տեսլականը, թե՞, ընդհակառակը, հակադրում է արևմտյան մոդելն իշխանությունների հավանական պլաններին՝ խոսելով կոռուպցիոն դրսևորումների բացառման անհրաժեշտության մասին: Այլ կերպ ասած՝ Սվիտալսկին փորձում է հակադրվե՞լ, թե՞ լրացնել Բաղրամյան 26-ին, բացահայտում է ապագա սերնդափոխության բուն նպատա՞կը, թե՞ ընդամենը հույս հայտնում:
Զուտ տեսականորեն, իհարկե, սերնդափոխությունը կարող է ի շահ Արևմուտքի ծառայել՝ մանավանդ որ հայաստանյան առաջադեմ երիտասարդության հիմնական մասը երկրի ապագան կապում է հենց Եվրոպայի հետ, սակայն մյուս կողմից ակնհայտ է նաև, որ իշխանությունները այնպիսի սերնդափոխության չեն գնա, որն արմատապես կհակասի նախորդ սերնդի շահերին ու հակասության մեջ կմտնի նրա աշխարհայացքի հետ: Ուստի՝ ենթադրելի է, որ այդ իմաստով տեկտոնական տեղաշարժեր ակնկալել պարզապես պետք չէ: Ճիշտ է՝ նոր սերնդի շարքերում Արևմուտքը նույնպես կունենա իր որոշակի հենարանը, սակայն խոսել տոտալ շրջադարձների մասին և կամ կարծել, թե Հայաստանը կարող է Ուկրաինա կամ Վրաստան դառնալ, խիստ լավատեսական ու, ամենակարևորը, անիրատեսական կլիներ Արևմուտքի համար: Ուստի՝ ենթադրելի է, որ Սվիտալսկու խոսքերում պետք է ոչ թե բացահայտում նշմարել, այլ ընդամենը բարի ցանկություն: Այդ մասին շատ լավ գիտակցում է նաև Սվիտալսկին:
Էռնեստ Ջանփոլադյան