Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է ոչ միայն մտահոգիչ մնալ, այլև մեր տնտեսությունը հետզհետե սկսում է նմանվել ծեր ու հիվանդ մարդու. ժամանակն ակնհայտորեն դադարել է մեր օգտին աշխատել:
Ինչպես վկայում է ԿԲ վիճակագրությունը, կապիտալի արտահոսքը Հայաստանից սկսում է է՛լ ավելի տիտանական մասշտաբներ ձեռք բերել:
Այսպես՝ 2018-ի սկզբներին ֆիզիկական անձիք Հայաստանից Ռուսաստան են փոխանցել ավելի քան 28 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է գրեթե 11,7 միլիոնով, ինչը նշանակում է, որ աճը գերազանցում է 70%-ը։
Ինչ վերաբերում է դեպի ԱՄՆ արտահոսած միլիոններին, ապա այստեղ պատկերն ավելի քան ողբերգական է. Նահանգներ կատարված փոխանցումներն ավելացել են ավելի քան երկու անգամ՝ հասնլով 13,6 միլիոնի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5,7 մլն-ի դիմաց:
Ինչ վերաբերում է մուտքերին, ապա Կենտրոնական բանկի տվյալներով՝ բանկային համակարգով տարեսկզբին ստացված մուտքերը Միացյալ Նահանգներից կազմել են 12 մլն-ից մի փոքր ավելի, որ 1,3 միլիոնով պակաս է եղել Հայաստանից կատարված փոխանցումներից։ Ռուսաստանի պարագայում նույնպես վիճակը հուսադրող չէ. 2018-ի սկզբներին Ռուսաստանից մուտքերը շուրջ 8 մլն-ով գերազանցել են նախորդ տարվա մակարդակը՝ հատելով 19%-ի սահմանգիծը, ինչը, թերևս, վատ ցուցանիշ չէր լինի, եթե հակառակ ուղղությամբ էական աճ չունենայինք.արդյունքում հաշվեկշիռը կրկին բացասական է:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրներից մեկը «կապիտալի արտահոսք» կոչվող աղետն է: Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանից ավելի շատ գումար է մտնում գերտերությունների տնտեսության մեջ, քան հակառակը, և սա այն պարագայում, երբ Հայաստանի տնտեսությունը նույն վերոհիշյալ երկրների տնտեսությունների համեմատ մի քանի հարյուր, եթե ոչ հազար անգամ փոքր է: Այսինքն՝ Հայաստանը դարձել է կապիտալի յուրատեսակ դոնոր: Դժվար չէ կռահել, թե ինչ պատկեր կունենանք, եթե վերոհիշյալին համադրենք նաև մյուս այն ճանապարհներն ու միջոցները, որոնցով կազմակերպվում է փողի արտահոսքը մեր երկրից:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչումն է բանը, որ մարդիկ Հայաստանից ոչ միայն փախչում են, այլև մնացողներն էլ սեփական ունեցվածքն են ներսից դուրս հանում: Այս երևույթը կարող է բացատրվել հետևյալ կերպ. կա՛մ ազգովի իսկապես որոշել ենք հավիտենապես Հայասանից արտագաղթել, ու ով ինչպես կարողանում է ունեցվածքն երկրից դուրս է բերում՝ հետագայում դրսում օրապահիկ ունենալու համար, կա՛մ պարզապես փորձում են սեփական փողերը «գելի բերանից» հեռու տանել՝ «շառից ու փորձանքից հեռու» տաբերակով: Մյուս հնարավոր տարբերակն էլ այստեղ թալանած փողերն այնտեղ ապահովագրելը կարող է լինել: Սրանցից որ տարբերակն էլ համապատասխանի ճշմարտությանը, դրանից, համաձայնե՛ք, ոչինչ չի փոխվում: Տեսնես ո՞ւր մնացին Կառավարության պլաններն ու հայտարարած նպատակները, որոնք, ինչպես հայտնի է, մարդու ականջին անչափ խոստումնալից ու հեռանկարային են հնչում: Ակնհայտ է՝ կապիտալի արտահոսքի գլխավոր պատճառն այն է, որ մարդիկ ուղղակի հույսեր չեն կապում սեփական հայրենիքի հետ, այդ իսկ պատճառով իրենց վաստակածը դուրս են բերում բոլոր հնարավոր ուղիներով: Ինչո՞ւ: Որովհետև այդպես էլ մեզ չի հաջողվում պատշաճ մթնոլորտ ստեղծել՝ օրինական բիզնես ծավալելու համար, ու մինչ զանազան արտերկրյա ճանապարհորդությունների ընթացքում բարձրագույն ղեկավարությունը դրսին կոչեր է հնչեցնում՝ գալ ու ներդրում կատարել այստեղ, այդ ընթացքում երկիրը, կոպիտ ասած, ունեզրկվում է: Հետարքրիր է՝ եթե Հայաստանը ներդրումների իմաստով իսկապես գրավիչ պետություն է, ապա ինչո՞ւ են տեղի ունևորները հապճեպորեն սեփական ունեցավածքն արտասահման ուղարկում…
Տրանսֆերների հաշվեկշռի նման բացասական պատկեն իրականում իսկական վերջնագիր է տնտեսության համար, քանի որ ոչ մեկի համար նորություն չէ, որ հենց դրսից ուղարկված դրամական փոխանցումների շնորհիվ է այսքան տարի հնարավոր եղել «յոլլա գնալ», մի կերպ գոյատևել: Հիմա, փաստորեն, դրանից էլ ենք զրկվում:
Էռնեստ Ջանփոլադյան