Foto

Կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի մի շարք խախտումներ են արձանագրվել. Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ   կենսաթոշակի և պետական  նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին:

«Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են  առանձնահատկություններ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման  կիրառման դեպքերում, մասնավորապես, կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների պարագայում բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել: Միաժամանակ, գործնականում արձանագրվել են  նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև  տեխնիկական մի շարք դժվարություններով, այդ թվում կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,- նկատեց վարչապետը:

Կարապետյանն Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, Թվային Հայաստանի գործադիր տնօրենին հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի տնօրենին էլ առաջարկեց  2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել  առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված  այլ վճարումների արգելադրման, բռնագանձման, օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ, այդ թվում քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը:

Vesti.am