ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին առանձնազրույց ունեցան, որից հետո պատմեցին փակ դռների հետևում քննարկված հարցերի մասին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ հանդիպումն անցել է շատ ջերմ և կառուցողական մթնոլորտում, քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները։ ա նշեց, որ խոսել են համագործակցության հնարավոր ուղղությունների մասին, այդ թվում` Մեղրու ազատ տնտեսական գոտու։
«Մանրամասն խոսել ենք և այսօր շարունակում ենք խոսել, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում, շատ մանրամասն խոսել ենք առողջապահության և զբոսաշրջության մասին, խոսել ենք, որ չափազանց կարևոր է, պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկու բարեկամ երկրների միջև շփումը ինտենսիվացնենք, խոսել ենք և մեր վերաբերմունքն ենք դրսևորել Վրաստանի իշխանությանը` պատմամշակութային ժառանգության և պահպանման վերաբերյալ»,- ներկայացնելով քննարկված հարցերի շրջանակը` ասաց Կարեն Կարապետյանը՝ միաժամանակ հավելելով, որ բանակցություններից դուրս են եկել բավականին լավ տրամադրությամբ, քանի որ ռեալ ուրվագծել են երկկողմ հարաբերությունների հետագա համագործակցության ուղղությունները։
Վարչապետն ընդգծեց, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում այս տարի բավական մեծ աճ է գրանցվել՝ վստահեցնելով, որ մեր ներուժը շատ ավելի մեծ է:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին էլ իր հերթին նշեց, որ անցյալ տարի Հայաստանն ու Վրաստանը նշել են երկկողմ հարաբերությունների հաստատման 25-ամյակը` վստահություն հայտնելով, որ երկու երկրների համատեղ ուղին շարունակվելու է։
«Վրաստանը պատրաստ է Հայաստանի հետ ավելի ակտիվացնել իր մասնակցությունը այն բազմակողմանի տարածաշրջանային նախագծերում, որոնց մասնակից է Հայաստանը»,- ասաց Կվիրիկաշվիլին:
Վրաստանի վարչապետը վստահություն հայտնեց, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը կարող են շահել բոլոր այն ազատ առևտրային ցանցերից, որոնց մասնակցում են երկու երկրներից յուրաքանչյուրը։ Նա ողջունեց նաև ԵՄ-ի հետ համաձայնագրի Հայաստանի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի կառավարման համակարգի բարեփոխումները։
Կվիրիկաշվիլին հայտնեց, որ 2018-ին նախատեսվում է տնտեսական համաժողով կազմակերպել Հայաստանի և Վրաստանի պետական մարմինների ու գործարար շրջանակների մասնակցությամբ։
Vesti.am