Foto

Բաբկեն Պիպոյանը մտահոգ է, որ դեղերի նոր օրենքն ստվերային շրջանառության պատճառ կդառնա

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ դեղերի բացթողման նոր օրենքով հերթական անգամ առողջապահության նախարարությունը կարծես միտումնավոր ձախողում է բարեփոխումները: Այդ մասին նա հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Օրինակ, բոլորս հասկանում ենք, որ ծխախոտի դեմ պետք է պայքարել,  բայց նախարարությունն իրականությունից կտրված նախագիծ է բերում: Հիմա մենք ունենք առողջապահական այնպիսի համակարգ, որն իրականացնում է իր գործառույթն այնպես, որ սկսում ես գործ չունենալ այդ համակարգի հետ»,-նշել է նա, հավելելով, որ դեղերի մասին օրենք պետք է, որ մարդ հակաբիոտիկ չկարողանա ձեռք բերել, սակայն նախագիծը ռիսկեր պարունակում է։

«Բազմաթիվ քաղաքացիներ փորձելու են դեղերը ձեռք բերել դրսից, այսինքն՝ «զապասով» տանը դեղ ունենալ, ինչը նույնպես վատ է»,- ասաց նա, հավելելով, որ փոփոխության համար պետք է մշակվի գործիքակազմ, որը հիմա բացակայում է:

«Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ մենք ունենալու ենք ստվերային շրջանառություն, դեղատունը առանց դեղատոմսի տալու է այն դեղը, որը պետք է տար դեղատոմսով: Իսկ առողջապահության ոլորտում ստվերային շրջանառությունը ոչ միայն տնտեսությանն է վնասում, այլև կոնկրետ քաղաքացուն»,-եզրափակեց նա:

Vesti.am