Foto

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի հետ

Փետրվարի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ։ Այդ մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:

Նախարար Գիորգաձեն շեշտեց հայ եւ վրացի ժողովուրդների մշակութային դարավոր ավանդույթների և պատմականորեն ձևավորված բազմաթիվ ընդհանրությունների մասին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Խոսելով հայ-վրացական մշակութային համագործակցության մասին՝ կողմերն ընդգծեցին, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում և մատնանշեցին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբի ակտիվ գործունեությունը։

Անդրադառնալով պատմականորեն ձևավորված եղբայրական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ պետք է լուրջ աշխատանք կատարել այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև ևս ակտիվանան փոխշփումները։ Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ տարբեր ծրագրերի և նախագծերի շրջանակներում պետք է ավելի հաճախակի կազմակերպել փոխայցելություններ, որոնք հնարավորություն կընձեռեն նոր սերնդին նաև ավելի ավելի լավ ճանաչել մեր երկրներն ու մշակույթները: