Foto

Հակակոռուպցիա. մի՞ֆ, թե՞ իրականություն, իսկ գուցե մառա՞զմ

Կոռուպցիայի դեմ ներհայաստանյան պայքարի ոդիսականը նույնքան հին է, որքան ինքը՝ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Արդեն տասնամյակներ է, ինչ բոլոր կառավարությունները  խրոխտաբար «պայքարում» են այս պետականակործան երևույթի դեմ ու ձևացնում, թե տարեցտարի երկրում մթնոլորտ է փոխվում, կոռուպցիան էլ՝ անխուսափելիորեն գոլորշիանում: Այնինչ բոլորս էլ գիտենք, որ այդ բոլոր ականջահաճո հավաստիացումների հիմքում ոչ մի շոշափելի բան ուղղակի չկա, և այդ ամենը ոչ այլ ինչ է, քան հասարակ իմիտացիա:

Փետրվարի 15-ի Կառավարության նիստի օրակարգում է հայտնվել «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը: Երկարաշունչ վերնագիր ունեցող այս որոշման բովանդակությունն, ըստ էության, մեկ բան է նշանակում. միջազգային դոնոր կազմակերպություններին փորձելու են լայնորեն ներգրավվել երկրում իբր մղվող հակակոռուպցիոն պայքարի մեջ, նրանց տալ այդ պայքարը վերահսկելու բավարար գործիքներ:

Հարց է առաջանում, թե ինչ կարող է այս ամենը տալ մի երկրի, որտեղ շատ դեպքերում կոռուպցիայի արմատ ու աղբյուր հանդես է գալիս նույն այդ երկրի իշխող վերանախվն ու, մասնավորապես, նույն Կառավարությունը: Զուտ տեսականորեն, իհարկե, միջազգային դոնորների լայն ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարի մեջ դրական երևույթ պետք է համարել: Սրանով նույն այդ կազմակերպությունները փորձում են լուծել սեփական միջոցների օգտագործման արդյունավետության խնդիրը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր, իսկապես, Հայաստանում ու բոլոր նմանատիպ երկրներում գոյություն ունի միջոցների փոշիացման պրոբլեմ, ինչը, բնականաբար, շատ իմաստներով հակասում է նրանց շահերին, ովքեր տրամադրում են այդ միջոցներն ու փորձում դրանց միջոցով լուծել ինչ-ինչ խնդիրներ: Ահա այս իմաստով պետք է դրական գնահատել Կառավարության քայլը: Սակայն մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ համաշխարհային օլիգարխիան՝ կապիտալիզմի միջուկը հանդիսացող կորիզը, երբեք սեփական փողերն ինչ-որ երկրների ժողովուրդների կյանքն ու կենցաղը բարելավելու համար ցիրուցան չի անում. այնտեղ ամեն մի լուման հաշվարկված է, ու հանուն օտարների ոչ մի կոպեկ չի մսխվում: Ցավալի է, բայց փաստ, սակայն պրակտիկան ապացուցում է, որ շատ դեպքերում հենց նույն կոռուպցիան է հանդես գալիս այն կարևորագույն գործիքակազմի դերում, որի միջոցով նույն այդ համաշխարհային ֆինանսական կենտրոններն իրականացնում են կապիտալի փաստացի արտահոսք երկրոդական նշանակության երկրներից իրենց մոտ: Չմոռանանք, որ շվեյցարական ու անգլիական բանկերում պահ տված տրիլիոնների սեփականատերերի մեծագույն մասը երկրորդական երկրները ներկայացնող ղեկավարներն ու օլիգարխներն են: Իսկ սա էլ իր հերթին հաջորդ հարցն է առաջ բերում՝ որքանո՞վ է իրականում ձեռնտու նույն այդ դոնորներին, որոնք նույն այդ համաշխարհային օլիգարխիայի յուրատեսակ ներկայացուցիչներն են, իրական պայքար մղել երկրոդական երկիր հանդիսացող Հայաստանում կոռուպցիայի դեմ, որքանով են դոնորներն անկեղծ, երբ բարձրաձայնում են իրենց ցանկության մասին՝ ակտիվ մասնակցություն ունենալու կոռուպցիայի դեմ տեսականորեն մղվող պայքարում՝ այն իբր արմատախիլ անելու նպատակով: Չի բացառվում, որ այս հարցում կառավարության հետ դաշն կնքելը նպատակ ունի ավելի շատ կոռուպցիան կառավարելի դարձնելու, քան այն իսկապես արմատախիլ անելու: Վերջիվերջո բոլորն էլ խոստովանում են, որ կոռուպցիան վերացնելն իրականում անիրագործելի գաղափար է, ու թիվ մեկ նպատակն ընդամենն այն վերահսկելի դարձնելն է: Իսկ թե ինչ կտա նույն այդ դոնորներին Կառավարության հետ հայաստանյան կոռուպցիան վերահսկելը, պարզից էլ պարզ է: Դա կարող է դառնալ յուրատեսակ մահակ նույն Կառավարության գլխին՝ իշխանություններից ինչ-ինչ հարցերում զիջումներ կորզելու, հարկ եղած դեպքում կուտակած կոմպրոմատների միջոցով շանտաժի դիմելու և այլն: Խնդիրն, ըստ էության, ոչ թե շարքային հայաստանցու կյանքը բարելավելն ու Հայաստանը մրցունակ երկիր դարնձելն է, ինչն ուղղակիորեն կհակասեր դոնոր կազմակերպություններին ֆինանսավորողների արմատական շահերին, այլ ընդամենը հավելյալ վերահսկման գործիք ձեռք բերելը, որը բանեցվելու է բացառապես ի շահ օտարների՝ հաշվի առնելով, իհարկե, մերոնց տհաճ սպեցիֆիկ առանձնահատկությունները:

Եթե քո Կառավարությունը քո մասին հոգ չի տանում, ապա օտարն առավել ևս…

Էռնեստ Ջանփոլադյան