Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքի մեջ` վերկանգնելով բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը:
«Առաջարկվում է նաև եկամտային հարկում փոփոխություններ անել, առաջարկվում է մեկ սանդղակ ևս ավելացնել 150-ից մինչև 300 դրամ սանդղակը ու այն հարկել 26 տոկոսով»,- ասաց Արամյանը:
Նախարարը նշեց, թե այս հարցրեը նոր չեն, Կառավարությունը բազմիցս քննարկել է նման հարցեր:
«Հարկային օրենսգիրքը, երբ փոփոխության էինք ենթարկում, գնացինք համարձակ քայլերի, էական թուլացումների, հիմնական նպատակը նրանում է, որպեսզի այն գործիքները, որոնք տնտեսվարող սուբյեկտների մոտ ստեղծում են հոսքերի կառավարման մասով խեղումներ, մենք փորձենք այդ գործիքները թուլացնել, որովհետև տնտեսվարող սուբյեկտներն են տնտեսական աճն ապահովում, աշխատատեղեր ստեղծում», - նշեց Ֆինանսների նախարարը:
Վարդան Արամյանն ընդգծեց` եթե առաջարկ է արվում առանց հիմանվորման, թե մեկ այլ փոխհատուցման գործիքն ինչպես է կատարվելու ու ինչ տնտեսական հետևանքներ են լինելու, ապա Կառավարությունը չի կիսում «Ելք»-ի կարծիքը:
«Կարծում ենք, որ մեր ընդունած, որդեգրած քաղաքականությունը ճիշտ է», - նշեց Վարդան Արամյանը:
Vesti.am