Արցախյան հարցի շուրջ վերջին շրջանում իբր նկատվող որոշակի դրական հույսի ֆոնին, երբ թվում է՝ միջազգային հանրությունը գործադրած համառ ջանքերի արդյունքում ինչ-որ կերպ կարողացել է հասնել տարածաշրջանային փխրուն կայունության, ելույթ ունենալով սեփական կուսակցության ներկայացուցիչների առջև, Ալիևը կրկին անգամ բարբաջել է՝ հայտարարելով, թե իր երկրի ստրատեգիական նպատակներից մեկը Երևանը վերադարձնելն է: Ավելին՝ չբավարարվելով Հայաստանի մայրաքաղաքը Ադրբեջանի կազմ ներքաշելով՝ սույն ոչ հարգելի պարոնը հայտարարել է, թե իրենք հավակնություններ ունեն Զանգեզուրի ու Սևանի նկատմամբ նաև:
Ընդհանրապես պետք է նկատել, որ Ալիևի նմանօրինակ հերյուրանքները բավական հաճախակի բնույթ են կրում: Սրանով խանիկը, ըստ էության, ամեն անգամ փորձում է մե՛րթ շահել սեփական հայատյացների սերն ու վստահությունը, մե՛րթ իբր յուրատեսակ մեսիջ ուղարկում Հայաստանին ու միջազգային հանրությանը՝ հասկացնելով, որ Ադրբեջանը երբեք չի գնա զիջումների:
Հայաստանյան հանրությունը վաղուց սովորել է բեղավորի նմանօրինակ նոպաներին ու պարզապես բանի տեղ չի դնում, ինչը, թերևս, հասկանալի է: Հասկանալի չէ, սակայն, թե ինչու են պաշտոնական Երևանը կամ նույն համանախագահները գործնականում չտեսնելու տալիս Ալիևի սադրիչ ու լկտի վարքագիծը: Ակնհայտ է, որ նման հայտարարությունները որևիցե կերպ չեն նպաստում խաղաղ գործընթացին ու էապես հակասում են միջազգայնորեն ընդունված բոլոր նորմերին: Անհասկանալի է՝ նույն համանախագահ երկրները դիտավորյա՞լ են չտեսնելու տալիս Ալիևի լկտիությունը, թե՞ որոշների գաղտնի թելադրանքով է, որ Ալիևը ժամանակ առ ժամանակ համարձակություն է հավաքում ու հեռվից հեռու դուրս տալիս: Համաձայնե՛ք, որ Ալիևի նմանօրինակ սանձարձակ պահվածքի հիմնական մեղավորներից մեկն էլ նույն միջազգային հանրությունն է և, մասնավորապես, համանախագահները, որոնք, ինչպես հայտնի է, մշտապես հանդես են գալիս խաղաղարարի կեցվածքով: Ո՞ւր է հիմա նրանց խաղաղատենչությունը, ինչո՞ւ չեն բարեհաճում կարգի հրավիրել Ալիևին: Իսկ միգուցե նրանց խաղաղարար կեցվածքն ընդամենը կեղծ քո՞ղ է, որի ներքո նրանք փորձում են կառավարել հակամարտությունը, բայց ոչ երբեք Բաքվին խաղաղություն պարտադրել:
Մյուս կողմից նույնքան անհասկանալի է նաև պաշտոնական Երևանի հանդուրժողական վերաբերմունքը պուճուրի նկատմամբ: Սովորաբար ինչպես և այս դեպքում, բավարարվում ենք Շարմազանովի մակարդակով հնչող ինչ-որ դաստիարակչական հայտարարություններով այն պարագայում, երբ նույն ադրբեջանցիները շարունակաբար «ձվի մեջ մազ են որոնում»՝ Հայաստանի դեմ դեմարշներ իրականացնելու, մեզ վարկաբեկելու ու իբր հայի «բռնի էությունը» աշխարհին ի ցույց դնելու: Այնինչ մենք ճիշտ այն պահին, երբ պետք է հակահարված տանք ազերիներին ու բարոյապես ոչնչացնենք, զբաղված ենք Ազգային ժողովում ինչ-որ հարկային վայ- փոփոխությունների քննարկմամբ կամ աջ ղեկերի ճամփան կտրելով: Ինչ վերաբերում է կոնկրետ արտգործնախարարությանը, ապա այս պարագայում առհասարակ խոսելն ավելորդ է, քանի որ նման ինֆանտիլ կեցվածքն ԱԳՆ-ին բնորոշ է դեռևս անհիշելի ժամանակներից. հայտնի անեկդոտի նման մենք միայն պաշտպավում ենք հարձակվելու փոխարեն: Այսինքն՝ Ալիևը պարբերաբար առիթ տալիս է՝ իր դիմակը պատռելու համար, մինչդեռ մենք համեստաբար հապաղում ենք կամ հեռվից Ալթայ գնալու կոչ հղում՝ առանց հասկանալու հարցի խորքերն ու ձեռքից բաց թողնելով շանսը:
Ցավալի է, բայց փաստ, որ Ադրբեջանն ու դրա արկածախնդիր ղեկավարը բացառապես հասկանում են ուժի լեզուն ճիշտ այնպես, ինչպես վայել է արհեստածին քոչվորներին: Հետևաբար, արդյունքի հասնելու համար մենք պետք է ոչ թե անհասկանալի պասիվ կեցվածք ընդունենք, այլ առիթը բաց չթողնենք ազերիներին խայտառակելու, դրանց իրական դեմքն աշխարհին ի ցույց դնելու, իրենց իսկ զենքով հակահարված հասցնելու:
Ո՞վ կբացատրի մեր այս անտեղի համեստության պատճառը…
Էռնեստ Ջանփոլադյան