«Մեր Ձևով» արտահայտությունը հանցանք որակելու դրվագով՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը 5 ամիս է, որն առաջիկա օրերին լրանում է: Այս մասին գրել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:
«Քննչական կոմիտեի նախագահն օրերս անդրադարձ էր կատարել Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդմանը: Ցանկանում եմ մի քանի արձանագրում կատարել.
1) Սամվել Կարապետյանին մեղսագրվող իրավաբանությունից դուրս <<կոչերի>> դրվագը պարզ չէ ինչպես, կամ ինչ իրավական մեխանիզմով ՄԻԱՑՎԵԼ Է տնտեսական բնույթի՝ վերջինիս հետ ոչ մի կերպ չառնչվող վարույթներին: Միաժամանակ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը ուղիղ ամրագրում է վարույթների ԱՆՋԱՏՄԱՆ հնարավորությունը: Ի դեպ ԱՆՋԱՏՄԱՆ դատավարական գործողություններ իրավապահների կողմից կատարվում է բազմաթիվ անգամներ: Ի դեպ միջնորդություն ԱՆՋԱՏՄԱՆ վերաբերյալ ներկայացվել է հենց մեր կողմից, քանի որ մենք չենք հավատում, որ Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսի 17-ի ֆեյսբուքյան արդարադատության, քաղաքական հետապնդման և Սամվել Կարապետյանի 135 օրից ավելի ապօրինի կալանքի պայմաններում, կարող է դադարեցնել այս հետապնդումը, սակայն կարևոր է, որ նախաքննական գաղտնիքին, դռնփակ նիստերին՝ վերջ տրվի: Նման մեծ քննչական խումբը (53 քննիչ) մեզ նույնիսկ պատասխան մինչ օրս չի տրամադրել:
2) Ի դեպ <<Մեր Ձևով>> արտահայտությունը հանցանք որակելու դրվագով՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը ՀԻՆԳ ԱՄԻՍ Է: 2025 թվականի հունիսի 17-ին հարուցման պայմաններում, այդ ժամկետն առաջիկա օրերին լրանում է: Տնտեսական բնույթի մեղադրանքները ներկայացվել են այս ժամկետի հաշվարկին միջամտության և ամեն կերպ ապօրինի կալանքի արհեստական, անհիմն հիմքեր ստեղծելու նպատակով: 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչ օրս որևէ Դատարան չի արձանագրել տնտեսական բնույթի մեղադրանքներով, նույնիսկ հիմնավոր կասկածը, իսկ վերջին դատական ակտով քննչական մարմնին տրամադրվել էր ՄԵԿ ԱՄԻՍ, որն այլևս խախտվել է: Ակնհայտ է, որ Դատարանի որոշումը չի հարգվել իրավապահների կողմից:
3) Ակնհայտ է, որ իրավապահներն ակնկալում են աջակցություն Վճռաբեկ դատարանից: Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, սակայն Վճռաբեկ դատարանը եթե այդ որոշումը չկայացնի մինչև նոյեմբերի 11-ը, ակնկալվող «աջակցությունը» կիմաստազրկվի: Մյուս կողմից Վճռաբեկ դատարանը, երբեք վարույթ ընդունելու պայմաններում նման կարճ ժամանակահատվածում որոշում չի կայացրել: Հետևությունները թողնում եմ մեր հանրությանը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա:









