Foto

Կասկածելի մտքեր. Հանրապետականը ջանում է թեման փակել

Ժողովրդավարության մասին հայ չինովնիկների, երևելի դմքերի պատկերացումներն, ինչպես ցույց է տալիս դիցուք Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի օրինակը, ռետինե է. կախված ժամանակից ու ունեցած քաղաքական շահերից՝ այդ հայացքները փոփոխվում են, սկսում կրել հակասական բնույթ:

Դավիթ Հարությունյանը, մամուլին տված իր վերջին հարցազրույցում անդրադառնալով վերջին օրերին բավական թեժացած ռեյտինգային ընտրակարգին վերաբերող հարցերին, իսկ ավելի ճիշտ՝ որոշ քաղաքական ուժերի հորդորներին՝ վերացնելու այդ ընտրակարգն ու անցնելու 100% համամասնականի, բացահայտել է Ազգային ժողովի մասին ունեցած իր հայացքների առնվազն մի կարևոր մասը. փորձելով արդարացնել ՀՀԿ-ի  հստակ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Նախ՝ ռեյտինգային ընտրակարգը հռչակել է՝ ժողովրդավարության վերջին ճիչ, ապա՝ որպես սույն իրողության անհերքելի ապացույց ասել. «Դուք այսօր չեք գտնի որևէ քաղաքացու, ով ընտրություն է կատարել և չգիտի, թե իր տարածքը ով է ներկայացնում»։

Իհարկե, Դավիթ Հարությունյանի ձգտումը՝ ինչ-որ կերպ ու ամեն գնով հիմնավորելու Հանրապետականի կարծր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, պարզ է ու հասկանալի. մարդն իր գործն է անում: Հարց է առաջանում, սակայն, թե որքանո՞վ է Հարությունյանի բերած «ապացույցը» իսկապես հիմնավորում կուսակցության դիրքորոշման անվիճելիությունը: Արդյո՞ք այն, որ քաղաքացին գիտի, թե ով է իր համայնքը ներակայացնում ԱԺ-ում, բավարա՞ր է՝ ԱԺ-ն բարձր արդյունավետություն ունեցող կառույց համարելու: Այլ խոսքերով՝ որքանո՞վ է այս կամ այն դեմքի հիպոթետիկ ճանաչելիությունը նպաստում ՀՀ թիվ մեկ քաղաքական կառույցի հեղինակության ամրապնդմանը: Եվ կամ որքանո՞վ է Հարությունյանն արդարացի, երբ պնդում է, թե հայ պատգամավորները կամ երբեմնի պատգամավորացուները ճանաչելիության հետ որևիցե խնդիր չունեն: Արդյոք նա չի՞ չափազանցում: Վերջիվերջո, եթե Աժ-հասարակություն կապն այդքան անքակտելի լիներ, ապա վստահության յուրատեսակ ճգնաժամ այսօր չէր առաջանա, ու նույն թանկացումների կանխման քողի տակ առանձին պրոցեսներ հրահրելու անհրաժեշտություն չէր լինի. ընտրյալ ՀՀԿ-ականները դեռ էն գլխից հարցը լուծած-վերջացրած կլինեին՝ հավատարիմ լինելով իրենց ընտրողներին տված խոստումներին: Այնինչ ճիշտ հակառակ պատկերի ենք այսօր ականատես:

Ցավոք, վերջին շրջանում Դավիթ Հարությունյանի մոտ մի վատառողջ տենդենց է նկատվում. նա փորձում է ցանկացած բան հիմնավորել ժողովրդավարության զարգացման անհրաժեշտությամբ, ինչպես ասենք նույն կառավարության նիստերի անցկացման նոր սկզբունքի պարագայում: Հիշեցնենք, որ Հարությունյանը հայտարարել էր, թե Կառավարության բաց նիստերի անցկացումը որևիցե կերպ համահունչ չէ ժողովրդավարության սկզբունքներին, ավելին՝ հայ նախարարները կաշկանդվում են լրագրողների ներկայությամբ վիճաբանության մեջ մտնել, միմյանց հետ ասել-խոսել:

Իհարկե, ինչ-որ բան հայտարարել կամ հիմնավորել կարող են բոլորը, ցանակցած մեկը, ով յուր բերանում լեզու ունի ու ընդունակ է խոսել: Ողջ հարցը սակայն այստեղ այն է, թե որքանով է այդ ասածը համոզիչ թվում հանրությանը, որքանով՝ ոչ: Արդարադատության նախարարի պարագայում, համաձայնե՛ք, «ոչ»-ի չափաբաժինը  շատ մեծ է. նա այլևս վստահություն չի ներշնչում:

Հրանտ Դալլաքյան