Կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը միացման ձևով կվերակազմակերպվի և համամասնորեն կմիացվի հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան և արարատյան մաքսատուն-վարչություններին:
Որոշումն ընդունվել է՝
հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախաբացթողումային հսկողության վարչության գործառույթներն իրականացվում են վերոնշյալ մաքսատուն-վարչությունների կողմից՝ կրկնություններից խուսափելու նպատակով: ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ որոշումն ուղղված է ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացն առավելագույնս հեշտացնելուն: «Ձերբազատվում ենք ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորություններից, այդ գործընթացում բիզնեսի համար էականորեն կրճատվում է ժամանակը, ընդլայնվում է ռիսկերի կառավարման համակարգի կիրառման շրջանակը»,-նշել է Վախթանգ Միրումյան՝ հավելելով, որ այս առաջարկությունն էական դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու նշել. «Շատ համարձակ, ճիշտ քայլ է: Մենք բիզնեսին վստահություն ենք ցուցաբերում, սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն: Դրանով ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ն ուժ և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի, որպեսզի, եթե այն, ինչ պայմանավորվում ենք, խախտվի, հետագայում հայտնաբերվի: Շատ լավ բան է»: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «օֆշորային գոտի» եզրույթը ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հարկային նոր օրենսգրքով վերանայվել է հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրները բնութագրելու նպատակով կիրառվող «օֆշորային գոտի» եզրույթը: Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների «աշխարհագրական տարածքների» ցանկը:
Կառավարության այսօրվա որոշմամբ կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը
Vesti.am