ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին է ներկայացրել «կրեմլյան զեկույցը»։ Դրանում ներառվել է 210 անուն։ Ցուցակում հայտնվածներից 114-ը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ են (կառավարության ողջ ղեկավարությունը) և պետական ընկերությունների ղեկավարներ, 96-ը՝ գործարարներ։
Ցուցակում նշվում են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի անունները։ Ցուցակում ներառված են նաև ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, տնտեսական զարգացման հարցերով նախարար Մաքսիմ Օրեշկինը, ինչպես նաև այլ նախարարներ։
Գործարարներից ցուցակում հայտնվել են նաև հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Ռոսգոսստրախ» ընկերության գործադիր տնօրեն հայազգի Դանիիլ Խաչատուրովը, Ռոման Աբրամովիչը, Եվգենի Կասպերսկին, Սուլեյման Քերիմովը, Ալիշեր Ուսմանովը, Արկադի և Բորիս Ռոտենբերգները, Գենադի Տիմչենկոն, Վլադիմիր Պոտանինը և այլք։
«Կրեմլյան զեկույցն» իրենից ներկայացնում է վերլուծական նյութ՝ պաշտոնատար անձանց և խոշոր ձեռնարկատերերի ցուցակով, ովքեր կապված են ռուսական իշխանությունների հետ և ովքեր տեսականորեն կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Փաստաթուղթը մշակել է ԱՄՆ ֆինասների նախարարությունը՝ Պետդեպի և հատուկ ծառայություննրի աջակցությամբ։