Ինչպես հայտնի է, վարչապետ Կարապետյանի` Դավոս կատարած այցը նրա վարչապետական կարիերայի ընթացքում առաջին նմանատիպ այցն է, ինչի հետ կապված եղան վերլուծութուններ, հնչեցին տարբեր կարծիքներ: Սակայն ամենակարևոր հարցն այստեղ, թերևս, այն է, թե ինչ ռեալ արդյունքների կարելի է սպասել այս այցից, կոնկրետ Հայաստանի տնտեսությանն ինչ կարող է տալ վարչապետի այցը Դավոս. գլխավորը հարցի տնտեսական կողմն է:
Ժամանելով Ցյուրիխ՝ Կարեն Կարապետյանը աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ` ներկայացնելով այն առավելություններն ու դրական կողմերը, որոնք իբր Հայաստանի տնտեսությունն ունի: Կարապետյանի` տեղի հայ գործարարներին ուղղված հորդորի խոսքից տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը համաշխարհային մասշտաբով այնպիսի բիզնես միջավայր ունեցող, շահավետ երկիր է, որ միայն ամենավերջին ապուշը կարող է հրաժարվել այստեղ սեփական փողերը հավերժացնելու մտքից. Կարապետյանն իր ոճի մեջ էր:
Պետք է խոստովանել, որ վարչապետի պաթետիկ ելույթը մարդու լսողական ապարատի համար բավական հաճելի էր հնչում` անկախ ամեն ինչից: Սակայն երբ փորձում ես գոնե ինքդ քեզ համար հիմնավորել նրա խոսքում հնչած մտքերը կամ հասկանալ` դրանք որքանով կապ ունեն հայ իրականության հետ, ցավալիորեն հասկանում ես` գործնականում ոչ մի: Վարչապետը չի նշում այնպիսի անհրապույր հայաստանյան իրողություններ, ինչպիսիք են, ասենք, կապիտալի արտահոսքի տեմպերի անբնական աճը, բնակչության թվաքանակի կրճատումը, հարկայինի ռեյդերը և այլն: Իհարկե, հասկանալի է. մարդը չի ցանկանում կեղտոտ սպիտակեղենը աշխարհին ի ցույց դնել: Բայց այս պարագայում էլ մի շատ բնական հարց է առաջանում` ո՞րն էր այս ամենի բուն նպատակը, PR-ը, եթե այո, ապա ո՞րն է փիառվելու իմաստն այն պարագայում, երբ ներկա կառավարությանն ընդամենը մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու: Գեղեցիկ հեռանալու փորձ կատարե՞լը: Կրկին անտեղին է ու անպտուղ, քանի որ գեղեցիկ հեռանում են ոչ թե բարձր ամբիոններից անիրական բաներ հնչեցնելով, այլ ադեկվատ գործողություններով, իսկ Հայաստանի ներկա վիճակը, երբ մի կողմից չինովնիկներն ու օլիգարխներն են ժողովրդին հոշոտում, իսկ մյուս կողմից էլ հանրահայտ միջազգային ֆինասնական կառույցներն են Հայասանի փողը երկրից դուրս բերում ու մուտք անում իրենց գրպանները, մի տեսակ անադեկվատության տպավորություն է թողնում: Վարչապետի` շվեյցարահայ գործարարներին ուղղված կոչ-ելույթից ստեղվում էր տպավորություն` ասես Կարապետյանը երկու միմյանց զուգահեռ աշխարհներում է բնակվում ու տեղյակ չէ, թե ինչ է իրականում կատարվում երկրում:
Իհարկե, անկախ այն բանից, թե ինչ ռեալ արդյունքների կհանգեցնի Կարապետյանի այցելությունը Դավոս, դա ինքնին դրական պետք է գնահատել առնվազն նրա կարիերայի տեսանկյունից. մարդը կյանքում ոչ միշտ է հնարավորություն ունենում մի ողջ պետության վարչապետի կարգավիճակում գոնե մի քանի օրով հնարավորություն ունենալ շնչել դավոսյան սառնաշունչ օդն ու ըմպել տեղի սառնորակ աղբյուրներից բխող քաղցրահամ ջուրը:
Կյանքը հիասքանչ է…
Հրանտ Դալլաքյան