Foto

Թող տպավորություն չստեղծվի, թե մեր ուշքը գնում է թանկացումների համար. Շարմազանով

«Lսումները կազմակերպվել են պարզելու համար, թե հնարավոր էր առանձին ապրանքատեսակների թանկացումից խուսափել, սուբյետի՞վ է գնաճը, թե օբյեկտիվ, ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ եթե կա ոչ օբյեկտիվ գնաճ, այդ բացասական ազդեցությունը հասարակության համար մեղմանա»,- «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև հավելեց, որ գնաճի հետ մեկտեղ 20 տոկոսով էժանացել է հավի միսը, 14 տոկոսով՝ շաքարավազը, 5-6 տոկոսով՝ ալյուրը:

«Որևէ երկրում որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով: Թող տպավորություն չստեղծվի, թե մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքատեսակներ թանկանում են և մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ»,-նկատեց նա:

Պատգամավորը նաև նշեց,   որ այդ պատճառներից մեկը միջազգային շուկայի գներն են, որի ազդեցությունը հնարավոր չէ մեկ հարվածով չեզոքացնել:

«Մենք պարտավոր ենք մրցակցային պայմաններ ապահովել, ոչ թե գներ սահմանել: Իշխանությունը պետք է հնարավոր բոլոր բացասական ազդեցությունը մեղմացնի»,-ընդգծեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Vesti.am