«Հարկային նոր օրենսգրքով ավտոբուսային փոխադրումների համար 1000 դրամ հաստատագրված վճարը փոխվել է և սահմանվել է 2000 դրամ արտոնագրային հարկ»,- խորհրդարանում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորի խոսքով՝ այս փոփոխությամբ խիստ ծանրաբեռնվում են ուղևորափոխադրող ընկերությունները, և ավելանում են նրանց ծախսերը:
«Ավտոբուսը որպես ուղևորի տեղ սկզբում ամսական վճարում էր 23 հազար դրամ, այսօր վճարում է 46 հազար դրամ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե ուղևորափոխադրողի վրա դուք ավելացնում եք հարկերը, նա պարտավո՞ր է ուղևորին փոխադրել նախկին գնով: Ի՞նչ առաջարկ ունեք, որ սա կարողանանք վերադարձնել կամ ելման դիրք, կամ լուծում առաջարկենք, որովհետև ուղևորափոխադրողները վաղը ուզեն-չուզեն թանկացնելու են ուղևորավարձը, այսօր պետք է միջոցներ ձեռք առնվեն»,-դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանին՝ հարցերց Բագրատյանը:
Արման Խաչատրյանն էլ պատասխանեց, որ բարձրացված հարցը վերաբերում է միայն և բացառապես ներմարզային երթուղիներին: