«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, անդրադառնալով վառելիքի ակցիզային դրույքափաչերի բարձրացման պատճառներին, հայտարարեց, որ ակցիզային հարկը միակ հարկատեսակն էր, որի բարձրացումը կարող էր չեզոքացնել կամ փոխհատուցել գործարար միջավայրը բարելավող փոփոխությունների արդյունքում պետական եկամուտների նվազեցումը:
«Կարո՞ղ էր վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ ունենալ և ազդել մյուս ապրանքների գների վրա: Բենզինի մեկ տոննայի համար ակցիզը բարձրացվել է 15 հազար դրամով, սակայն բենզինը արտադրական նպատակ չունի, հետևաբար այն այլ ապրանքների գների աճի չի կարող հանգեցնել: Ինչ վերաբերում է խոցելի խմբերի վրա ազդեցությանը, ապա Հայաստանում հիմնականում մեքենաները շահագործվում են սեղմված գազով: Համեմատաբար հարուստ մարդիկ են բենզին օգտագործում: Ինչ վերաբերում է սեղմված գազին, ապա մեկ խմ-ի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի բարձրացումը կազմել է 20 դրամ: Դրանով հավասարվել ենք այն մակարդակին, որն ունեինք 2015-ին, հետևաբար ասել, որ դրանով պայմանավորված կլինի տրանսպորտի թանկացում և գնաճ, ևս փաստարկված չէ»,-նկատեց Միրումյանը:
ՊԵԿ փոխնախագահն անդրադարձավ նաև դիզելային վառելիքին՝ նշելով, որ դիզելային վառելիքի գծով ակցիզային հարկը նվազել է՝ մեկ տոննայի դիմաց դրույքաչափը 35 հազարից հասել է 13 հազար դրամի:
«Մյուս կողմից դիզվառելիքը ներառվել է ԱԱՀ-ի դաշտում: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դիզվառելիքի գինը 280 դրամ էր, հիմա այն սահմանվեց 440 դրամ: 380 դրամով դիզվառելիք գնողը չէր ունենում ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն: Իսկ 440 դրամով գնելու դեպքում՝ մարդը հնարավորություն է ստանում 74 դրամ ԱԱՀ հաշվանցել: Դա նշանակում է, որ նրա համար դիզվառելիքը կազմում է 366 դրամ: Այսինքն այս փոփոխությունը պետք է մղեր ոչ թե գնաճի, այլ հակառակը՝ գնանկման»,-հավելեց նա:
Vesti.am