Անկառավարելի դարձած ագրեսիվ գնաճը հանրապետությունում շարունակվում է, ինչը վերջնականապես ի դերև է հանում այն բոլոր հույսերը, թե 2018-ն ի տարբերություն 2017-ի տնտեսական նոր հնարավորությունների տարի է լինելու. ոչ վաղ անցյալում Կառավարության կողմից հնչեցրած հայտարարություններից տպավորություն էր ստեղծվել, թե իբր ընթացիկ տարին տնտեսական աննախադեպ զարգացման ու բարեկեցության ժամանակաշրջան է լինելու:
Ինչպես հայտնի է, նախագահ Սարգսյանը հունվարի 10-ին տնտեսական ոլորտի մի շարք պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն էր անցլացրել ու ներկաների ուշադրությունն էր հրավիրել երկրում ստեղծված անբարեհույս իրավիճակին, կարևոր նկատառումներ կատարել, հանձնարարականներ տվել և այլն: Ինչ խոսք` խորհրդակցությունն ինքնին դրական իրողություն է, սակայն հարցն այն է, թե հատկապես ինչպե՞ս է հնարավոր լինելու կյանքի կոչել նախագահականից եկած կարգադրություններն ու արդարացնել ժողովրդի սպասելիքները: Պետությունն, արդյոք, տիրապետո՞ւմ է էֆեկտիվ գործիքակազմերի` ինչպես իրավիճակը ճիշտ գնահատելու, այնպես էլ դրանից դուրս գալու ուղիներ գտնելու իմաստով:
Հայաստանի բնակչության առնվազը կեսն անապահով է համարվում: Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող` չնայած պաշտոնապես խոսվում է աղքատության ընդամենը 30% մակարդակի մասին: Այսինքն` միայն սույն իրողությունը բավարար է` հասկանալու համար, որ նույնիսկ երկրում ստեղծված իրավիճակի գնահատաման հարցում պետության տրամադրության տակ գտնվող գործիքները թերի են: Ճիշտ է` չի բացառվում նաև մեկ այլ տարբերակ. 30% թիվը կարող է նաև դիտավորյալ «խալտուրայի» արդյունք լինել: Այսինքն` շատ լավ էլ տեղյակ են անապահովների իրական թվի մասին, սակայն ելնելով ինչ-ինչ նպատակներից`չեն ցանկանում իրական թիվ նշել:
Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է հասկանալ, թե պետության կողմից ձեռնարկվելիք արտակարգ միջոցառումներն ազդեցութան ի՞նչ շրջանակ են ընդգրկելու, ո՞ւմ են հատկապես վերաբերելու, և կամ քանիսն են դրանց դրական ազդեցությունն իրենց մաշկի վրա իրապես զգալու: Չմոռանանք, որ հաճախ պատահում է այնպես, որ համապատասխան միջոցառումների դրական ազդեցությունն զգում են նրանք, ովքեր դրա կարիքը բնավ չունեն, ինչի արդյունքում միջոցառումներն իրենց նպատակին չեն ծառայում: Ուրեմն` նախ պետք է հասկանալ, թե կոնկրետ որն է այն սահմանը, որից անդին գտնվող քաղաքացին համարվում է կարիքավոր: Սույն հարցն իրականում չափազանց կարևոր է, քանի որ դատելով վերջերս ՀՀԿ-ական հանրահայտ որոշ դեմքերի խոսքերից` կարող է նույն խաշած կարտոլի տրամաբանությունը գործի դրվել ու հանկարծ պարզվի, որ պետական միջոցների շահառուները ոչ թե հասարակության խոցելի խավերն են, այլ ասենք օլիգարխները: Հավատացե՛ք` ցանկության դեպքում համապատասխանները կկարողանան «հիմնավոր» արդարացում գտնել այդ ամենին: Օրինակ` հասարակներիս վրա դիցուք վառելիքի թանկացման բացասական ազդեցությունը մեղմելու փոխարեն ձեռնամուխ կարող են լինել «Ֆլեշի Բարսեղի» բիզնեսին «տալչոկ» տալու առաքելությանն, ու սուբսիդավորվի ոչ թե շարքային քաղաքացին, այլ Բեգլարյանի հետ կապ ունեցող համապատասխան ընկերությունը: Անցյալը մեզ հուշում է, որ նման սցենարի կրկնությունն այնքան էլ անսպասելի չէ: Նույնը, թերևս, վերաբերում է առաջին անհրաժշտության ապրանքներին և մնացածին: Այսինքն` խնդիր կա նախ պարզելու, թե ովքեր են արժանանալու պետության հոգածությանը, ովքեր` ոչ: Խնդիր կա թե՛ գործիքակազմի ընտրության, թե՛ դրանց նպատակային կիրառության հարցում: Պետության թիվ մեկ պարտականությունն այս փուլում պետք է լինի արտակարգ միջոցառումների ազդեցության շրջանակի ընդլայնումը. հնարավորինս մեծ թվով մարդիկ պետք է զգան ակնկալվող դրական էֆեկտը: Հակառակ պարագայում հերթական անգամ ականատես ենք դառնալու պետական միջոցների մսխման, դրանց անարդյունավետ օգտագործման, իսկ նման բան աղքատ Հայաստանն իրեն թույլ տալ պարզապես չի կարող:
Էռնեստ Ջանփոլադյան