Foto

Գործազրկության թիվը նվազել է, աղքատությանը՝ ոչ. Գագիկ Մակարյան

«2017 թվականին դրական տեղաշարժերն ավելի շատ էին, քան բացասականները»: Հունվարի 10-ին, լրագրողների հետ հանիպմանը նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ մասնավոր սեկտորում իրական ձեռնարկությունների թիվն ավելացել է մոտավորապես յոթ հազարով: Դրա արդյունքում մասնավոր ոլորտում զբաղվածների թիվը հասել է շուրջ 330 հազարի:

«Հնարավոր է` գործազրկության թիվը 1-2 տոկոսով նվազել է, չնայած այդ թվերը  պետական մարմինները չեն ներկայացրել»,-ասաց նա:

Այդուհանդերձ, Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, աղքատությունը չի նվազել և, նրա ենթադրությամբ, 2018 թվականին ևս չի նվազի:

«Աղքատության կանխարգելման համար առաջնային է զբաղվածության խթանման գործողությունների պլանի ծրագրի իրականացումը, ինչը կառավարությունը չի սահմանում: Արդյունաբերական արտադրությունները խթանվել են, ինչը շատ կարևոր է»,-ասաց բանախոսը:

Գագիկ Մակարյանը դրական տեղաշարժեր նկատեց ստվերի դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա նա ասաց, որ թեև գյուղատնտեսության վիճակը, ընդհանուր առմամբ, վատ չէ, սակայն առաջընթացի համար պետք են ինստիտուցիոն մեխանիզմներ:

Ինչ վերաբերում է կառավարության նկատմամբ վստահության շեմին, Գործատուների հանրապետական միության նախագահի կարծիքով, վստահության բարձրացում կա, սակայն Կառավարությունը դեռ չի հասել իր ձգտած մակարդակին:

«Ինչ վերաբերում է գնաճին, կարծում եմ, որ կարգավորման մեխանիզմները Հայաստանում լավ չեն աշխատում։ Ամեն տարի` իմանալով, որ գնաճ է սպասվում, մենք կարևոր քայլեր չենք անում»,-ասաց Մակարյանը: