Եթե ոմանց թվում է, թե Հայաստանում սկիզբ առած անկառավարելի թանկացումները, այնուամենայնիվ, գոնե տեսանելի ապագայում կարող են կանգ առնել, ապա պետք է ստիպված խոստովանեն, որ անհույս երազողներ են. նման բան չի լինելու:
Մասնագետներն ահազանգում են, որ Հայաստանը ցնցած թանկացումների ալիքը շարունակվելու է մինչև 2020 թվականը ներառյալ: Թանկացումները, որոնք արդյունք են ակցիզային հարկի բարձրացման` ընդգրկելու են մեծ թվով ապրանքատեսակներ: Սրան գումարած՝ արդեն հայտնի է, որ նախատեսվում է 800 ապրանքատեսակի մասով մաքսազերծման դրույքաչափերի բարձրացում, ինչը նույնպես հանգեցնելու է գնաճի: Կարճ ասած`առաջիկա տարիները Հայաստանի համար լինելու են տնտեսական առումով չափազանց լարված, ինչը, բնականաբար, խորացնելու է աղքատությունն ու հանգեցնելու արտագաղթի տեմպերի աննախադեպ ավելացմանը: Այսինքն` ստիպված ենք լինելու ազգովի նստել «կարտոշկի ասեղին» կամ արտագաղթել` ճիշտ այնպես, ինչպես ժամանակին «մարգարեացել էր» Խոսրով Հարությունյանը, ում, ըստ էության, էն գլխից էր հայտնի հայ հասարակության գլխի գալիքը:
Իհարկե, «կարտոշկայի» սիրահարները սպասվող թանկացումները հիմնավորելու համար կարող են հազար ու մի պատճառ մեջտեղ բերել`օբյեկտիվ ու սուբյեկտիվ, սակայն այստեղ գլխավոր հարցն այն է, թե պետությունն ինքն ի՞նչ է պատրաստ անել` սպասվող գնաճի ազդեցությունը ինչ-որ կերպ մեղմելու համար: Այս իմաստով ավելորդ չէր լինի դիտարկել ասենք Սաուդյան Արաբիայի օրինակը. այս երկրի իշխանությունները մտադիր են կյանքի թանկացման պատճառով փոխհատուցում տրամադրել քաղաքացիներին՝ վճարելով մոտ 50 մլրդ ռիալ, ինչը համարժեք է ավելի քան 13 մլրդ դոլարին: Միջազգային մամուլից տեղեկանում ենք, որ երկրի թագավոր Սալմանի հրամանով պետական համակարգի աշխատողները տարվա ընթացքում ամսական լրացուցիչ 1.000 ռիալ գումար կստանան: Թոշակառուներին ու զինծառայողներին ևս կտրամադրվեն ֆինանսական բոնուսներ: Բացի այդ` կառավարությունը որոշ դեպքերում կվճարի նաև ավելացված արժեքի հարկը:
Իսկ հիմա հարց «ժարիտ արած կարտոլի» սիրահար էլիտարներին` ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջիկա տարիներին թանկացումների ազդեցությունն ինչ-որ կերպ մեղմելու համար: Միայն շոուներ սարքել ու դրական սպասման մթնոլորտ ապահովե՞լ, թե՞ ռեալ գործ անել, սուբսիդավորել, փոխհատուցել, թալանը կանգնեցնել, կամ գոնե դրական բիզնես միջավայր ձևավորել, որ փող ունեցողը կապիտալը Հայաստանից դուրս չհանի:
Անշուշտ, մենք առանձնապես ուտոպիստներ չենք ու սեփական մտքի ծայրով իսկ չենք կարող անցկացնել ժողովրդին փող բաժանելու տարբերակը (եթե չենք սխալվում, առաջիկա տարիներին Հայաստանում լայնամասշտաբ քաղաքական ընտրություններ չեն սպասվում), սակայն այն, որ շոուների ժամանակներն այլևս անցյալում պետք է մնան, կասկած լինել չի կարող: Այսպես որ շարունակվի, կարտոլն էլ կարող է երազանք դառնալ` նույնիսկ «ժարիտի» սիրահարների համար, այնպես որ` պետք է լուրջ մտածել այս հարցի շուրջ հակառակ պարագայում բանը բանից կարող է անցնել…
Էռնեստ Ջանփոլադյան