Foto

Վառելիքի շուկան` կոլապսային վիճակում. «Ֆլեշի» Բարսեղը փողերը «վազվռատ» է անում

Այն, որ 2018 տնտեսական տարին Հայաստանի համար ամենադյուրիններից չէր լինելու, հայտնի էր դեռ նախորդ տարվանից: Տնտեսագիտության դոկտոր պետք չէր լինել` կանխատեսելու համար, որ  այն բոլոր բացասական միտումները, որոնք դրսևորվում էին 2017-ին, իրենց տրամաբանական պիկին էին հասնելու 2018-ին. Կառավարության փորձերը` ամեն գնով լավատեսություն ներշնչելու, հասարակության շրջանում դրական ակնկալիքներ արթնացնելու, բացարձակապես որևիցե շոշափելի հիմք չունեին իրենց խորքում:

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից արդեն իսկ թանկացել են բենզինը, դիզվառելիքն ու գազալցակայաններում վաճառվող գազը: Իսկ սույն տհաճ իրողության պատճառը, ինչպես պարզվում է, «Ակցիզային հարկի մասին օրենքում» կատարված վերջին փոփոխություններն են: Արդյունքում` եթե ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի 1000 խմ-ի ակցիզը 8300 դրամ էր, ապա այժմ այն մոտ 3 անգամ թանկացել է`հասնելով 25000-ի: Ասել կուզի՝ չնայած 1 խմ-ի ակցիզային հարկը մոտ 16 դրամով է բարձրացել, բայց արի ու տես, որ մեր «բարեխիղճ» տնտեսվարողները 1 խմ գազը թանկացրել են մի ամբողջ 20 դրամով: Թե քանի տոկոս է դա կազմում, հաշվե՛ք ինքներդ:

Այս ողջ տհաճ պատմության մեջ «ամենամազալուն» այն է, սակայն, որ որքան էլ փորձում ես բացահայտել, թե ինչ տրամաբանությունից ելնելով են համապատասխանները 4 դրամ ավելի մտել ժողովրդի գրպանը, որևիցե բացատրություն չես կարողանում գտնել: Օրինակ`մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «լոթիները» դա արել են բացառապես «զա կայֆ», հանուն կլոր-մլոր թիվ ստանալու, որ աչքին ու ականջին հաճելի թվա, որ  «բռնվելու» տեղ ունենան:

Եթե չենք սխալվում, Հայաստանում գործում է մի կառույց, որի բանուգործի անունն ի սկզբանե մեկն է` վերահսկել շուկան ու կանխել անբարեխիղճ տնտեսվարողների հնարավոր հակամարդկային «տրյուկները»: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է, որ պետք է կանխեր նմանօրինակ անհասկանալի դրսևորումներն ու թույլ չտար դրա շարունակությունը: Արդյունքում կարելի է գալ հետևյալ եզրակացության` կա՛մ հունվարի 1-ից Հայաստանում ՏՄՊՊՀ-ն դադարել է գոյություն ունենալ, ու գլխներիս խաբար չկա, կա՛մ տղերքը ներքին կարգով որոշել են լավություն անել ասենք հանրահռչակ «Ֆլեշի» Բարսեղին, ով ինչպես հայտնի է, վառելիքի շուկայի արքան է, այս դաշտի տիրակալը:

Իհարկե, ոչ ոք իրավունք չունի մտնելու «Ֆլեշի» Բարսեղի մատանու ու ՏՄՊՊՀ-ի մատի արանքը, սակայն համաձայնե՛ք նաև, որ միմյանց լավություն անելու այս հակահասարակական դրսևորումը նույնպես որևիցե քննադատության չի դիմանում: Իբր բավական չէ վայ փոփոխության արդյունքում ստիպված ենք լինելու համակերպվել անիմաստ թանկացումների հետ, դեռ մի բան էլ, փաստորեն, պարտադրված ենք լիելու սեփական մաշկի վրա զգալու «կլորացված թվի էֆեկտը», որը, թերևս, այսուհետ կարելի է հայաստանյան տնտեսության մեջ նոր ֆենոմեն  համարել:

«Հալալ ա» տղերքին…

Հրանտ Դալլաքյան