Foto

Հայաստանը` նոր «ռեկորդակիր». էլ ոչ ոք չբողոքի

Հայաստանի ԱՎԾ-ն հերթական անակնկալն է մատուցել ազգաբնակչությանը. ըստ Ազգային վիճակագրական ծառայության ամենաթարմ տվյալների` Հայաստանը նոր ռեկորդ է սահմանել: Պարզվում է` բոլորիցս թաքուն երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվար-նոյեմբերին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7.3%-ով. 2017 թվականի 11 ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշներն են այս մասին վկայում։ Ավելին` ԱՎԾ-ն հայտնում է նաև Հայաստանում գործազրկության կրճատման մասին. 2017-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 19%, երկրորդում՝ 17.8%, երրորդում՝ 16.5%: Կարճ ասած`տպավորություն է ստեղծվում, թե 2017-ը, բայց հատկապես դրա վերջին ամիսները Հայաստանի կյանքում բառիս բուն իմաստով հեղափոխական են եղել` երկիրը  վերածվելով Նոր Զելանդիայի` միայն թե այդ ընթացքում ֆիզիկայի բոլոր օրենքնեին ճիշտ հակառակ Հայաստանը շարունակել է դատարկվել, մարդիկ աղքատանալ, սոցիալական անբնական բևեռացումը խորանալ:

Տրամաբանական հարց` ինչի՞ն են ձգտում ԱՎԾ-ում, երբ որոշում են հերթական անգամ «թոզ փչելու» անշնորհակալ պրակտիկան կիրառել: Ենթադրելի է` բացի կառավարության համար իմիջային խնդիրներ լուծելուց  փորձում են աննախադեպ գնաճն արդարացնող ու դրա սոցիալական բացասական ազդեցությունը տեսականորեն մեղմող ցուցանիշներով կերակրել ժողովրդին: Իբր թո՛ղ ոչ մեկին տարօրինակ չթվա ասենք մսի և կամ այլ լայն սպառման ապրանքների գնի կրկնակի բարձրացումը: Գնաճը համահունչ է Հայաստանի բնակչության սոցիալական մակարդակին. եթե սկսել եք լավ ապրել, ուղղակի ծաղկել, իսկ գործազրկության մակարդակն էլ Հայաստանում մոտ է միջին եվրոպականին (մանրից Լիխտենշտեյնի ենք վերածվում), ուրեմն` էլ ոչ մի խնդիր, բարի՛ եղեք` գյուռ-գյուռ ծախսել…

Դատելով ԱՎԾ «նախահարձակ» գործողություններից` կարելի է ենթադրել, որ 2018-ը 2017-ից շատ ավելի վատ տարի է լինելու` գոնե բնակչության մեծամասնության համար. գնաճը շարունակվելու է, իսկ գործազրկությունը` նոր թափ ստանալու:

Իսկ ո՞վ էր կասկածում։

Հրանտ Դալլաքյան

Vesti.am