Foto

Ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի ակնարկը…

Նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկում շեշտել է հատկապես Կենտրոնական բանկի ինքնուրույնությունը: «Ձեր օրինակը ուրիշների համար պետք է վարակիչ լինի»,- ընդգծել է նա՝ անընդունելի համարելով բոլոր այն խոսակցություններն ու մոտեցումները, թե պետք է փորձել արհեստականորեն ֆինանսական համակարգի միջոցով ազդել տնտեսության վրա: Ո՞ւմ կամ ի՞նչ է ակնարկել Սերժ Սարգսյանը. ովքե՞ր են ցանկացել արհեստական ազդեցություն ունենալ տնտեսության վրա՝ բանկային համակարգի լծակներն օգտագործելով: Սերժ Սարգսյանն, իհարկե, անուններ չի տվել, սակայն նման ցանկություն կարող էր լինել կառավարությունից, այն պարզ պատճառով, որ տնտեսության արհեստական ցուցանիշներ ցույց տալը ձեռնտու էր առաջին հերթին կառավարությանը: Իսկ թե ինչո՞ւ՝ պատասխանը ակնհայտ է: Այս ամիսներին ներկայացված տնտեսական աճը մեր կառավարության խոսքային իրականությունն է՝ վերբալ իրականությունը, բայց կա նաև ռեալ իրականություն, որտեղ աշխատավարձերը ցածր են, գները բարձրանում են, թոշակները ապրելու  համար պիտանի չեն, կոմունալ ծախսերն էլ օր օրի աճում են։ Հասկանալի է, որ տնտեսական աճի պարագայում նման բան չի արձանագրվում։ ՀՀ-ում աճում են առանձին օլիգարխիկ տնտեսվարողների եկամուտները։ Աճում է նրանց անձնական սեփականությունը, իմպորտը աճում է՝ ապահովելով այդ կեղծ թվերը, բայց արդյո՞ք դա նշաակում է, որ մեր  երկրում տնտեսական աճ է գրանցվել։   4-5 խոշոր տնտեսվարողի անձնական եկամուտների ավելանալու պարագայում բնավ չի կարելի ասել, որ  տվյալ  երկրի տնտեսությունը զարգանում է։ Տնտեսությունը աճում, զարգանում է մի շարք պարամետրերով՝ տեխնոլոգիական  զարգացում, հասարակության յուրաքանչյուրի կենսապայմանների բարելավում, բացի  այս՝  ներկրող տնտեսությունից զատ՝ պետք է ունենանք նաև  արտահանող տնտեսություն․․․․ Մեզ մոտ այս պարամետրերից ոչ մեկը չկա: Հետևաբար, կառավարությանը այլ բան չի մնում, քան արհեստական ազդեցություն ունենալ այդ ցուցանիշների վրա, առավել վառ լույսի ներքո դրանք ներկայացնելու նպատակով:

Կառավարության նիստերից մեկում հանրությունը գրեթե բաց տեսքով ականատես եղավ կառավարության և Կենտրոնական բանկի միջև եղած լուրջ հակասություններին:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելով կառավարության դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, բավականին թափանցիկ ակնարկներով իր դժգոհությունը հայտնեց ԿԲ-ի վարած քաղաքականության առումով: Թերևս դրանով նաև կառավարությունը հող է ստեղծում առաջիկայում դրամավարկային քաղաքականության ոլորտում, հետևաբար և տնտեսությունում, ուրվագծվելիք ձախողումներում քավության նոխազ գտնելու համար: Նախարար Արամյանը նշելով, որ տարին ամփոփվել է 1.1% գնանկումով, շեշտեց, որ նույն ընթացքում ԿԲ-ն 2.5%-ային կետով նվազեցրել է իր հիմնական քաղաքականության՝ ռեպո տոկոսադրույքը, որը կարճաժամկետ ֆինանսական շուկաներում հանգեցրել է նաև այլ գործիքների տոկոսադրույքների նվազման, մասնավորապես՝ միջբանկային տոկոսը նվազել է 4.2%-ային կետով, պետական կարճաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքների եկամտաբերությունը նվազել է 3.6%-ային կետով, բայց ամեն դեպքում, դա ընդհանուր տնտեսությանը չի փոխանցվել, և այստեղ մենք ունենք խնդիրներ փոխանցման մեխանիզմների վերաբերյալ, որովհետև վարկավորման տոկոսադրույքները, որոնք գնացել են տնտեսության վարկավորմանը, ավելի ցածր տեմպերով են նվազել: Նախարարը նաև բացատրեց, թե ինչ գործոնների ազդեցության արդյունքում է հնարավոր, որ տոկոսադրույքները «դժվարությամբ» նվազեն, այդուհանդերձ, նա շատ հստակ մեսիջ ուղարկեց հասարակությանը, որ կառավարությունն ամեն ինչ անում է, մինչդեռ, վարկերը, տոկոսադրույքներն առայժմ դանդաղ են նվազում և պատճառները պետք է փնտրել ԿԲ-ի գործունեության մեջ:

Մյուս կողմից չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մեսիջ էր հղում և՛ կառավարությանը, և՛ ողջ բանկային համակարգին: Ամիսներ առաջ Կարեն Կարապետյանը հանդիպել էր վերջիններիս ներկայացուցիչների հետ և ընդգծել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ներկայացվելու են այն գերակա ոլորտները, ուղղությունները, որոնք համարվում են բիզնեսի, տնտեսության զարգացման համար արդյունավետ և ներուժ ունեցող: Գաղտնիք չէ, որ բանկային համակարգը և կառավարությունը որպես միջնորդ, հարկային համակարգից անկախ գործառույթներ են իրականացնում, մինչդեռ դրանք պետք է փոխկապակցված լինեն ու նպաստեն տնտեսության զարգացմանը: Գուցե հենց սա՞ էր ակնարկում Սերժ Սարգսյանը…

Լիաննա Ավետյան