Ինչպես հայտնի է, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի նշանակման գործընթացը բավական աղմկահարույց ստացվեց. նախ Վրաստանյան իշխանությունները հրաժարվեցին Սերգեյ Մինասյանին ագրեման տալ` ինչ-ինչ անհասկանալի պատճառաբանություններ մեջտեղ բերելով, իսկ երբ պարզ դարձավ, որ Մինասյանի փոխարեն Ռուբեն Սադոյանն է նշանակվելու, թեման է՛լ ավելի թեժացավ` տեղիք տալով բազմապիսի մեկնաբանությունների ու նույնիսկ արդարացի դժգոհությունների. ՀՀԿ-ական պասիվ պատգամավորին, ով իր խորհրդարանական ողջ կարիերայի ընթացքում երբևիցե աչքի չի ընկել, դեսպանի պաշտոնում նշանակելը շատերի կողմից ուղղակի չընկալվեց:
«Սպուտնիկ Արմենիա» ակումբում ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով լրագրողներից մեկի` սույն թեմային վերաբերող հարցին, հայտարարել է, թե նախկինում պատգամավոր աշխատած մարդուն դեսպան ուղարկելը դեռևս չի նշանակում, որ այն երկիրն, ուր նա գործուղղվում է, անկարևոր է մեզ համար` հավելելով, թե դեսպանները պետք է ոչ միայն էֆեկտ թողեն իրենց քաղաքական կերպարով, այլև էֆեկտիվ լինեն՝ քաղաքական գործունեության մեջ: Կարճ ասած`Աշոտյանը սեփական մամլո ասուլիսում հայտարարել է փաստացի հետևյալը` Սադոյանն ուղղակի կատարելության մարմնացում է, ու ցանկացած քննադատություն այս հարցի շուրջ հիմնազուրկ է:
Հարց է առաջ գալիս, սակայն, մի՞թե այս ողջ աղմուկը, որը բարձրացել էր Սադոյանի շուրջ, իրապես արհեստական է,ինչպես դա պնդում է Արմեն Աշոտյանը: Պատասխանն, իհարկե, բացասական է և ահա թե ինչու: Բանն այն է, որ քննադատության է արժանի ոչ թե այն իրողությունը, որ հարևան երկիր դեսպան է ուղարկվում նախկին պատգամավորն, այլ այն, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուբեն Սադոյանը դիվանագիտական տեսանկյունից. որքանո՞վ է տրամաբանական ու արդարացի, երբ սեփական հայրենիքում «շուն սատկացնողի» համբավ ունեցող մեկն է նշանակվում այդաստիճան պատասխանատու պաշտոնի մի պարագայում, երբ Հայաստանն ուղղակի լի է արևելագետներով ու միջազգայնագետներով, մի պարագայում, երբ փորձառու դիվանագեների պակաս, ըստ էության, մենք չունենք: Եվ ո՞ւր է այն երաշխիքը, որ Սադոյանն էֆեկտիվ է լինելու յուր քաղաքական գործունեության մեջ մի երկրում, որի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար ուղղակի անհնար է թերագնահատել` մի շարք օբյեկտիվ պատճառներով պայմանավորված: Եթե նույնիսկ պատգամավորական գործունեության մեջ է այս մարդը թերացել, ապա ուր մնաց թե միջազգային հարաբերություններում կարողանա կատարելապես ինքնադրսևորվել ու բավարարել Աշոտյանի սպասելիքները. նա իրապես անհամապատասխան է Վրաստանում Հայստանի դեսպանի պաշտոնին, քանի որ չունի ոչ համապատասխան կրթություն ու ոչ էլ աշխատանքային փորձ ու հմտություն:
Իհարկե, հանուն արդարության պետք է նշել,որ Սադոյանի նշանակումը Հայաստաի պարագայում ստիպողական քայլ էր, քանի որ ի սկզբանե նպատակ կար դեսպան ուղարկելու Մինասյանին: Պարզապես այստեղ հարցն այն է, թե ինչպես պատահեց, որ այդ անցումն այսչափ անհարթ ստացվեց` միջազգային հարցերով փորձագետից մինչև «շուն սատկացնող» ընկած ճանապարհը լի է անհաղթահարելի անդունդներով:
Հրանտ Դալլաքյան